Էրդողանը սպառնո՞ւմ, թե՞ նոր գործարք է առաջարկում Պուտինին. Էնվերի ուրվականը

1351

Բաքվում ռազմական շքերթի ժամանակ Էրդողանի ելույթում Էնվերի և Կովկասյան իսլամական բանակի հիշատակումը, որ ստեղծվել էր մեկ դար առաջ հենց Էնվերի հրամանով, փորձագետները դիտարկում են սպառնալիք ոչ միայն Երևանի, այլ նաև Մոսկվայի հասցեին:

Բանն այն է, որ Էնվերի ստեղծած Կովկասյան իսլամական բանակը 1918 թվականին եղել է ընդհուպ Մախաչկալայում: Այն, ինչպես հայտնի է, այժմ Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Դաղստանի մայրաքաղաքն է: Իհարկե, ներկայումս այնտեղ Կովկասի իսլամական բանակ չկա, իսկ Պուտինը Արցախի դեմ պատերազմից հինգ օր անց Դաղստանի ղեկավար նշանակեց ռուսական բանակի լեզգին գեներալ Մելիքովին, բայց Էրդողանի ելույթում ակնարկը թերևս բավականին թափանցիկ է: Առավել ևս, որ Դաղստանում իսլամական բանակը այսօր ունի թերևս այլ, այսպես ասած՝ ծայրահեղական ահաբեկչական բջիջների տեսք: Մինչդեռ ծայրահեղ իսլամական բջիջների աշխուժացման փաստը շաբաթներ առաջ արձանագրել են ՌԴ հատուկ ծառայությունների ղեկավարները:

Այն, որ Էրդողանի թիրախը Հյուսիսային Կովկասն է կամ Հյուսիսային Կովկասը Էրդողանի թիրախներից մեկն է՝ թերևս կասկած չկա: Մյուս կողմից՝ պետք է խիստ ուշադրության արժանացնել մեկ այլ հանգամանք՝ շքերթի ժամանակ Զանգեզուրի հիշատակումը, հայերին դաս տալու էրդողանյան ցինիզմը: Սա նոր հռետորաբանություն չէ, միևնույն ժամանակ, սակայն, դատելով մի շարք իրողություններից՝ այն տալիս է տարբեր դիտանկյունից արվող եզրահանգումների տեղիք:

Մասնավորապես, Էրդողանի հիշատակումները կարող են դիտվել թե՛ Մոսկվային ուղղված սպառնալիք, թե՛, նաև այլ դիտանկյունից, առաջարկ, այսպես ասած՝ ռեգիոնն «արդարաբար կիսելու» այն տրամաբանության շրջանակում, որի մասին օրերս խոսել էր Չավուշօղլուն: Պետք չէ բոլորովին բացառել այն, որ Էրդողանն իր խոսքերով ակնարկում է գուցե խմորվող գաղափարի մասին, որով Ռուսաստանին կառաջարկեն «փոխանակում», իհարկե «արդարաբար»՝ Մոսկվան կհամաձայնի Զանգեզուրի նկատմամբ թուրքական հավակնությանը, թուրքերը դրա դիմաց կհրաժարվեն հյուսիսկովկասյան ուղղության նկատմամբ որևէ հավակնությունից և կհամաձայնեն Արցախից Դաղստան ռուսական ուղիղ կապ ձևավորելուն:

Բնականաբար, այդ ամենը կարվի որևէ պատերազմի միջոցով, ինչպես ցույց է տալիս հարյուրամյա փորձը: Ի վերջո, ռազմավարական իմաստով այդ «փոխանակումը» Թուրքիայի և Ռուսաստանի համար կարող է մոտ լինել գրեթե կատարյալին՝ հայկական պետականության համար լիակատար աղետով:

Միևնույն ժամանակ իհարկե քիչ հավանական է, որ Ռուսաստանն ունենա թուրքական այդօրինակ առաջարկ դիտարկելու միամտություն՝ վստահելով Թուրքիային ու Էրդողանին: Ի վերջո, նրանց միջև պայմանավորվածությունները բոլորովին վստահության հիմքի վրա չեն, այլ կայանում են միայն այն կետերում, երբ երկուստեք համոզվում են, որ դիմակայությունն այլևս սպառնում է երկուստեք տապալումներով և ինքնաոչնչացումով: