«Տեսանյութի վերջին հատվածը՝ որպես բոնուս Փաշինյանի համար, որպեսզի կողքից նայի ինքն իրեն ու հասկանա․․․»

331

Արթուր Կուկունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով․ «Տարիներ առաջ Փաշինյանը Տեր-Պետրոսյանին քննադատում էր՝ ասելով, որ Տեր-Պետրոսյանն իր քաղաքականությունը վարում է պատմաբանի տեսակետից, թե ենթադրենք 100 տարի հետո ինչ կգրեն այդ մասին։ Իդեպ, Նիկոլ Փաշինյանը քննադատում էր ճիշտ նույն կարգավիճակում, որում իրեն քննադատում էր իր խմբակցությունից դուրս եկած մի պատգամավոր, ինչին ի պատասխան Փաշինյանը վերջինիս կշտամբեց, թե ինչ գործ ունես ԱԺ-ում։ Նկատի ուներ թիմը լքելն ու ԱԺ-ում մնալով՝ իրենց քննադատելը, այնինչ, նույնը արել էր ինքը տարիներ առաջ։ Բայց սա մի կողմ։ Ճիշտ ա ասում Փաշինյանը. 100 տարի հետո կգրեն, որ Տեր-Պետրոսյանն ընդլայնել ա Արցախի տարածքը, իսկ Փաշինյանը՝ կորցրել դրա մեծ մասը։

Էս տեսանյութում Տեր-Պետրոսյանի ելույթների տարբեր դրվագներով ապացուցվում ա, որ Փաշինյանը ճիշտ ա ասում, և ինչպես հիմա՝ այդ ելույթներից մի քանի տարի կամ տասնամյակ անց (ելույթներն ու հարցազրույցը 2010, 2016, 2017 թվականների են), այնպես էլ 100 տարի հետո արձանագրվելու ա, որ առաջին նախագահի ասածներն ամբողջությամբ իրականություն դարձան, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Ելք դաշինքի ծրագրի մասին ասվածը։

Էստեղ Փաշինյանի ելույթի այն հատվածը, որտեղ օգտագործվում ա ամենալավ պատերազմ եզրույթը, լիովին նկարագրում ա նրա քաղաքական տգիտությունը։ Լավ պատերազմ չի լինում, ամենալավ պատերազմ՝ առավել ևս։ Պատերազմները զոհեր են, կործանված ճակատագրեր, իմաստազրկված ընտանիքներ։ Այդպիսին են նաև Փաշինյանի բնորոշմամբ՝ ամենալավ պատերազմները։ Պատերազմները կարող են լինել հաղթական, բայց նույնիսկ այդ պատերազմները լավը չեն և ամենալավը չեն։ Բայց պետք չի զարմանալ այդ արտահայտության վրա, եթե դա ասում ա մարդ, որը հրապարակայնորեն զոհերի թիվ ա հաշվում +-50-ով։

Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ ժողովուրդները երախտագիտություն են հայտնում այն առաջնորդներին, որոնք իրենց երկրին ոչ թե հաղթական պատերազմ, նույնիսկ հաղթական պատերազմ (հաղթական, ոչ թե լավ կամ ամենալավ), այլ խաղաղություն են պարգևում, ապացուցելի ա հենց Տեր-Պետրոսյանի օրինակով, երբ 90-ականների հաղթական պատերազմի պարագայում նույնիսկ, ժողովրդի մի ստվար զանգված այդպես էլ դժգոհ մնաց իր առաջնորդից՝ նրան մեղադրելով պատերազմի ընթացքում իր կրած զրկանքների համար, և հաղթական պատերազմի տարիներն անվանեց մութուցուրտ տարիներ։

Տեսանյութի վերջին հատվածը՝ որպես բոնուս Փաշինյանի համար, որպեսզի կողքից նայի ինքն իրեն ու հասկանա, թե ինչու է պատմության էջերում հավերժ գրվելու, որ Տեր-Պետրոսյանը հաղթել է, իսկ Փաշինյանը՝ պարտվել։