Ծեծը կրել է լոկալ բնույթ․ «Մերը բակը» մանկապարտեզի տնօրենի փաստաբանը՝ երեխաներին ծեծի ենթարկելու գործի մասին

1212

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հերքման պահանջ

ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ,

Հայտնում եմ, որ հանդիսանում եմ «Մերը բակը» մանկապարտեզի և վերջինիս հիմնադիր-տնօրեն Լուսինե Հայրապետյանի փաստաբանը։ Անցնող շաբաթվա ընթացքում մամուլում տեղեկություններ են շրջանառվել, որ մանկապարտեզում դայակները ծեծում են երեխաներին, որ մանկապարտեզի տնօրենը կաշառք է առաջարկել ծնողներից մեկին ծեծի պահը արձանագրած ձայնագրությունը չհրապարակելու համար։ Բացի այդ՝ շրջանառվել է նաև այն լուրը, որ մանկապարտեզը չունի գործունեության լիցենզիա։

Հայտնում եմ, որ հրապարակվածը ապատեղեկատվություն է և արատավորում է «Մեր բակը» մանկապարտեզի և Լուսինե Հայրապետյանի գործարար, բարի համբավը և հանդիսանում է զրպարտություն։

Այսպես՝
1․ Ծեծի մասով։ Նշված ծեծը կրել է լոկալ բնույթ։ Նշված փաստով հարուցվել է քրեական գործ, իսկ երեխային ծեծի ենթարկած 2 աշխատակիցները հեռացվել են աշխատանքից։ Մանկապարտեզը և Լուսինե Հայրապետյանը հետամուտ են լինելու, որ աշխատակիցը ստանա արժանի պատիժ։ Մանկապարտեզում ծեծի զանգվածային դեպքեր առկա չեն, մինչդեռ մամուլում փորձ է արվել այդպես ներկայացնել։
2․ Կաշառք առաջարկելու մասով։ Հրապարակված ձայնագրությունը, որտեղ ծնողին կաշառք է առաջարկվում լռության դիմաց չի համապատասխանում իրականությանը։ Համենայն դեպս՝ որպես տնօրեն խոսացող կինը չի հանդիսանում Լուսինե Հայրապետյանը կամ մանկապարտեզի հետ փոխկապակցված անձ։
3․ «Մեր բակը» մանկապարտեզը գործում է որպես օրենքով նախատեսված կարգով գրացված մանկական զարգացման կենտրոն (ինչպես մյուս մասնավոր կենտրոնները)։
Այսպիսով՝ խնդրում եմ սույն հրապարակումը դիտարկել որպես Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքով նախատեսված հերքման պահանջ և տեղադրել այս հայտարարությունը, մասնավորապես հերքելով՝ որ
1 Մանկապարտեզում ծեծում են երեխաներին,
2․ Լուսինե Հայրապետյանը կաշառք է առաջարկել ծնողին,
3․ Մեր բակը մանկապարտեզը գործում է ապօրինի»։

Նշենք, որ «Մեր բակը» մանկապարտեզում երեխաներին ենթադրյալ ծեծի ենթարկելու առնչությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ «Մեր բակը» մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ոստիկանությանը հաղորդում էին ներկայացրել ` մանկապարտեզում երեխաների ծեծի վերաբերյալ տարածված ձայնագրության առնչությամբ: «Մեր բակը» մանկապարտեզը ոչ հաստատել էր և ոչ էլ հերքել երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ համացանցում տարածված ձայնագրության իսկությունը:

Իրավաբան.net