Այսօրվանից ձվի գինը կիջնի. ՏՄՊՊՀ

702

Ձվի գնի կտրուկ աճը, այն էլ Սուրբ Զատիկին ընդհառաջ հասարակության շրջանում առաջացրել է անհանգստություն․ ձուն շարունակում է թանկ մնալ: Որոշների համար նշանակություն չունի, թե ինչ արժե ձուն, կարևորը, որ Սուրբ Զատիկին սեղանը զարդարված լինի ձվերով, իսկ որոշներն էլ ձվի բարձր գների պատճառով, որոշել են Սուրբ Զատիկը դիմավորել առանց ձվերի:

Իսկ թե որքան է շարունակվելու ձվի գինը բարձրանալ պարզեցինք ՏՄՊՊՀ-ից։   ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանն ասաց, որ հանձնաժողովը շուկայում ուսումնասիրություն է սկսել, հավանաբար, վաղը վարույթ կհարուցվի խոշոր տնտեսվարողների նկատմամբ՝ մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով, և եթե չարաշահման հանգամանքը հաստատվի, կհետևեն պատասխանատվության միջոցներ. «Կան անձինք, որոնք ոչ սպառողական նպատակներով մեծաքանակ գնումներ են կատարում: Ստեղծված իրավիճակին օպերատիվ լուծում տալու նպատակով հանդիպումներ են տեղի ունեցել առևտրային ցանցերի, տեսչական մարմինների, Թռչնաբույծների միության նախագահի հետ և, ներքին քննարկումների արդյունքում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Զատիկին ընդառաջ արդեն այսօրվանից ձվի գինը կիջնի, և ձուն մեծ խմբաքանակներով կմտնի շուկա»,- նշեց նա:

ՏՄՊՊՀ-ից քաղաքացիներին հորդորեցին, որ խուճապահար գնումներ չկատարեն. « Եթե պարզվի, որ փորձ է արվում արհեստական դեֆիցիտ ստեղծել, ապա դրա ամբողջ նպատակը սպառողի վարքագծի վրա ազդելն է, ինչը պետք է թույլ չտալ»,– հայտնեց Անի Սմբատյանը։

Նա նաև հավելեց, որ հանձնաժողովն այժմ ուսումնասիրություն է իրականացնում բենզինի շուկայում, քանի որ վերջին շրջանում նկատվում է նաև բենզինի գնաճ։