Փաշինյանն ապրիլին հրաժարական կտա, իսկ խորհրդարանում կձևացնեն, թե չեն տեսնում այլ արժանի թեկնածուների. «Կոմերսանտ»

327

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի` հրաժարականի մասին հայտարարությանը`ընդգծելով, որ նա դա անում է միայն իշխանության ղեկին մնալու համար:

«Հայաստանի վարչապետն առաջին անգամ հայտարարել է իր հրաժարականի ժամկետի մասին. նա մտադիր է այդ քայլին գնալ ապրիլին: Իհարկե, այդ քայլը բնավ չի նշանակում, որ նա հեռանում է քաղաքական բեմահարթակից. հրաժարականը պետք է միայն արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար, որոնցում իշխող «Իմ քայլը» կուսակցությունը մտադիր է մասնակցել և հաղթել», – գրում է պարբերականը:

Աղբյուրն ընդգծում է, որ արմատական ընդդիմության ներկայացուցիչներն ընդունել են Փաշինյանի մարտահրավերը` հայտարարելով, որ ընտրությունները պետք է փոխակերպվեն «Հայրենիքի փրկության և դավաճանի հեռացման ընդհանուր ծրագրի»:

Հիշեցնենք, որ ապրիլին հրաժարական ներկայացնելու մասին Փաշինյանը հայտարարել է մարտի 28-ին Արարատի մարզ կատարած այցի շրջանակներում:

Ինչպես պարբերականը նկատում է, Փաշինյանի հրաժարականը բարդ, բայց անխուափելի ճանապարհ է ընտրությունների նշանակման ընթացակարգ սկսելու համար:

Փաստորեն, սա քաղաքական շահարկում է. Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանը, որտեղ նրա կողմնակիցները մեծամասնություն են կազմում, երկու անգամ փորձ է անելու նշանակել կառավարության նոր ղեկավար:

 

Բայց նրանք կձևացնեն, թե չեն տեսնում արժանի թեկնածուների, որից հետո խորհրդարանն կինքնալուծարվի: 2018-ի խորհրդարանական ընտրությունները Հայաստանում նշանակված էին նույն կերպ, երբ «թավշյա հեղափոխությունից» հետո Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ էր ազատվել խորհրդարանից, որը գտնվում էր Հայաստանի Հանրապետական կուսակցության վերահսկողության տակ:

Պարբերականը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին հայտարարությունից առաջ Հայաստանում տեղի է ունեցել մեկ այլ կարևոր իրադարձություն: Աղմկահարույց քրեական գործը, որի շրջանակում Փաշինյանի գլխավոր քաղաքական մրցակիցը՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և ՀՀ մի քանի այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվում են «սահմանադրական կարգի տապալման համար», հայտնվել է փլուզման եզրին:

Դա տեղի է ունեցել երկրի Սահմանադրական դատարանի ուրբաթօրյա որոշման արդյունքում. ըստ որոշման՝ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը հակասում է հիմնական օրենքին:  Քոչարյանի փաստաբանները նշում են, որ այժմ իրենց պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի: Եթե դա տեղի ունենա, Նիկոլ Փաշինյանին մարտահրավեր նետած նախկին նախագահ Քոչարյանը, ըստ փորձագետների, ամբողջությամբ կմտնի նախընտրական մրցավազք, ընդ որում որպես քաղաքական մենամարտի առաջին փուլի հաղթող: