«Ընկերուհուս հավանած տղան ինձ տեսավ, Ինստագրամով գրեց». Տիկտոկեր Ֆոքսիկը՝ հավելվածում ունեցած հաջողության, անձնական պատմություններով կիսվելու և խորհուրդներ տալու մասին

359

Տիկ-տոկից լսարանին հայտնի 20-ամյա Աստղիկ Թումանյանը՝ Ֆոքսիկը, հավելվածում ունի 59. 000 հետևորդ: Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց՝ ընտրել է Ֆոքսիկ անունը, որովհետև այն անգլերենից թարգմանաբար նշանակում է աղվես. սիրում է այդ կենդանուն, կարծում է՝ իր ու աղվեսի արտաքինում էլ նմանություններ կան:

 

Ֆոքսիկը Տիկ-տոկի իր էջը բացել է երկու տարի առաջ, բայց այն սկսել է ակտիվացնել 7 ամիս առաջ:

«Ինքնավստահությունս ավելացավ, որոշեցի, որ մարդկանց պետք է ինչ-որ բանով օգնեմ, իմ փորձից ինչ-որ բան փոխանցեմ: 17-19-նն ընկած տարիքում բավականին բարդությունների միջով եմ անցել, 20-ում հասկացա, որ դրանք անցան, ինքս էլ հաղթահարեցի, կարող եմ մարդկանց օգնել: Այդ դժվարությունները, հիմնականում, տարիքային էին: Սկսեցի պատմել նախկին ընկերուհիներիս մասին, ասել, որ զգույշ լինեն, բոլորին չվստահեն: Առաջին պատմությունը, որն ինձ 5000 հետևորդ բերեց դպրոցական տարիներից էր: Ես մի օր դասերից հետո տուն էի գնում, ինձ մոտեցավ մի տղա՝ ծանոթանալու նպատակով, ասացի, որ չեմ ուզում: Հաջորդ օրը գնացի դպրոց ու շատերն ինձ մոտենում էին, հարցնում՝ ընկերությո՞ւն եմ անում այդ տղայի հետ, բայց ես անգամ նրա անունը չգիտեի: Նա ասել էր՝ մեզ կողքից նկարեն, որ նման լուրեր տարածեր: Իհարկե, հետո այդ հարցը լուծվեց»,- պատմեց նա:

 

Ֆոքսիկը չի խուսափում Տիկ-տոկում ներկայացնել անձնական պատմություններ: Հիմա էլ շարունակում է և զուգահեռ խորհուրդներ տալիս հետևորդներին:

«Ունեի ընկերուհի, ում հետ լավ հարաբերությունների մեջ էինք, նա ֆինանսապես այնքան էլ ապահովված ընտանիքից չէր, օգնում էի նրան: Այնպես ստացվեց՝ ընկերուհուս հավանած տղան ինձ տեսավ, Ինստագրամով գրեց: Ընկերուհիս տեսավ՝ չնայած չէի պատրաստվում թաքցնել, ես ասացի, որ չեմ ուզում նրա հետ կապ ունենալ: Մի օր այդ տղան եկավ մեր դպրոցի մոտ, ցույց տվեց իր ու ընկերուհուս նամակագրությունը, որտեղ ընկերուհիս ինձ վատաբանում էր: Դրանից հետո կապերս խզեցի այդ աղջկա հետ: Այս պատմությունը Տիկ-տոկում արդեն ներկայացրել եմ: Երբ այս պատմություններն ինձ հետ եղել են, կողքիս միայն մայրս էր, ոչ ոք չունեի, որ ինձ օգնեին: Հիմա ես հանդիսանում եմ այն մարդը, ում հետ հետևորդներս կկիսվեն իրենց պատմություններով, որովհետև ոչ բոլորն են, որ մոտ են իրենց մայրերի հետ: Գրում են, խորհուրդներ եմ տալիս, իսկ հետո շնորհակալություն են հայտնում՝ ասելով, որ տեսանյութերիս շնորհիվ իրենց կյանքում ինչ-որ բան փոխվել է»,- ասաց նա:

 

Հարցին, թե Տիկ-տոկի նկատմամբ անլուրջ վերաբերմունք նկատե՞լ է, Ֆոքսիկը պատասխանեց. «Ամեն ինչ կախված է նրանից, թե մարդն ինչ է նկարում: Եթե անլուրջ տեսանյութ նկարի, բնականաբար համապատասխան արձագանքի կարժանանա, դա հավելվածի հետ կապ չունի: Մարդիկ Տիկ-տոկի միջոցով մեծ գումարներ են վաստակում, Ինստագրամը մղվել է հետին պլան: Թեև ինքս Տիկ-տոկի միջոցով գումար եմ վաստակում, աշխատում եմ նաև այլ տեղում, Տիկ-տոկն իմ եկամտի միակ աղբյուրը չէ»:

Տիկտոկերը պատմեց, որ սովորում է Հայ-ռուսական սլավոնական համալասարանի բանասիրության ֆակուլտետի 3-րդ կուրսում, աշխատում որպես լոգիստ մենեջեր: «Ես միշտ էլ աշխատել եմ՝ սկսած 19 տարեկանից: Տիկ-տոկի շնորհիվ էլ եմ մեկ անգամ աշխատանքի ընդունվել հեռախոսների խանութում՝ որպես բլոգեր: Մինչև հիմա առաջարկներ եմ ստանում, բայց աշխատում եմ այլ մասնագիտությամբ: Ավարտել եմ նաև Հայաստանի երգի պետական թատրոնը, բայց երգի հետ կապված չորս տեսանյութ ունեմ, այդ առումով մի փոքր ամաչում եմ, այդքան ինքնավստահություն դեռ չունեմ: Կարծում եմ՝ կան շատ այլ տաղանդավոր մարդիկ, ովքեր ավելի լավ վոկալային տվյալներ ունեն»,- ասաց նա:

Խոսելով քննադատությունների մասին՝ Ֆոքսիկը նշեց. «Իմ անձի շուրջ քննադատություններ գրեթե չկան, որովհետև քննադատվելու համար պետք է մեր մենթալիտետին չպատկանող որևէ բան անել: Մի քանի քննադատություն եղել են, բայց ես մարդկանց բացատրել եմ, նրանք էլ մի կողմ են քաշվել»: