Իրազեկում՝ չաշխատող հղի կանանց համար․ պետք է գումար ստանաք

499

«Պետական նպաստաների մասին» օրենքի 23․1 հոդվածի համաձայն մայրության նպաստ ստանալու իրավունք ունեն նաև չաշխատող անձիք։ Օրենքի 23.1-ին և 23.2-րդ հոդվածների իմաստով՝ չաշխատող անձ է համարվում նաև, բացառապես միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց գործատուից եկամուտ ստացող անձը:

Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում:

1. Այս կարգով կարգավորվում են «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձանց (այսուհետ՝ չաշխատող կին) մայրության նպաստ (այսուհետ՝ նպաստ) նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները:

2. Կարգում կիրառվող հասկացություններն են՝

1) դիմող՝ մայրության նպաստը նշանակելու և վճարելու մասին դիմում ներկայացրած անձ.

2) շահառու՝ օրենքի 23.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված չաշխատող կին (ում նշանակվում է մայրության նպաստը).

3) տարածքային կենտրոն` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) տարածքային կենտրոն.

4) անձը հաստատող փաստաթուղթ՝

ա. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այդ թվում` երկքաղաքացիների) համար` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտը,

բ. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օրենքով կամ միջազգային պայմանագրով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը,

գ. փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.

5) բանկ` ծառայության հետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.

6) բանկային հաշիվ` շահառուի (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) անվամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:

3. Մայրության նպաստ նշանակվում և վճարվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի (այդ թվում` երկքաղաքացի) կամ քաղաքացիություն չունեցող կամ փախստականի կարգավիճակ ունեցող շահառուին, եթե նա հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով.

2) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ օտարերկրյա քաղաքացի շահառուին, եթե նա հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:

4. Նպաստը նշանակելու համար դիմողը տարածքային կենտրոն է ներկայացնում`

1) դիմում, որում ներառվում են՝

ա. դիմողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),

բ. շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե շահառուն հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),

գ. այն բանկի անվանումը, որտեղից շահառուն (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձը) ցանկանում է ստանալ մայրության նպաստի գումարը.

դ. նշում այն մասին, որ շահառուն (սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձը) տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է, և մայրության նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) դիմողի և շահառուի անձը հաստատող փաստաթղթերը, շահառուի հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, եթե շահառուն հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծննդօգնության պետական հավաստագիրը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումը ներկայացվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո.

5) շահառուի ստորագրած հայտարարությունը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ՝ օրենքով սահմանված վարձու աշխատող կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձ չհանդիսանալու մասին (հայտարարությունը ներառում է նաև շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հայտարարությունը տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը): Հայտարարությունը կարող է շարադրվել նաև ազատ ոճով

4.1. Եթե շահառուն նախածննդյան հսկողության է կանգնել (հաշվառվել է) կամ ծննդաբերել է Արցախի Հանրապետության բժշկական կազմակերպությունում, ապա մայրության նպաստ նշանակվում է, եթե շահառուին Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ չի նշանակվել:

4.2. Սույն կարգի 4.1-ին կետում նշված դեպքում մայրության նպաստ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային բաժին ներկայացվելու դեպքում շահառուին` Արցախի Հանրապետությունում մայրության նպաստ նշանակված չլինելու վերաբերյալ տեղեկատվությունն Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է ծառայությունը` դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում սույն կարգի 10-րդ կետում նշված մեկամսյա ժամկետը հաշվարկվում է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանն ստանալու օրվանից:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված` դիմողին վերաբերող դրույթները կիրառելի են, եթե դիմողը շահառուն չէ:

6. Եթե առկա է նույն շահառուին մայրության նպաստ նշանակելու մասին մերժված դիմում, որից հետո ներկայացվում է նոր դիմում, ապա մերժված դիմումին կից ներկայացված փաստաթղթերը համարվում են նոր դիմումին կից ներկայացված փաստաթղթեր՝ բացառությամբ դիմողի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է անկախ որևէ հանգամանքից:

7. Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո՝ մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրը, վաղաժամ ծննդաբերելու դեպքում մայրության նպաստը տրվում է 70 օրվա համար` հաշված երեխայի ծննդյան օրվանից (ներառյալ այն դեպքը, երբ երեխան ծնվել է մահացած): Այս դեպքում ներկայացվում է վաղաժամ ծննդաբերելու մասին փաստաթուղթ:

8-րդ և 9-րդ կետերը, ըստ որոնց երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը մայրության նպաստ չէր նշանակվում, ուժը կորցրել են դեռ 2020 թավականի փետրվար ամսին։

10. Ներկայացված փաստաթղթերի և առկա տեղեկատվության հիման վրա տարածքային կենտրոնը՝ դիմումը և կից փաստաթղթերը ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում որոշում է`

1) մերժել մայրության նպաստ նշանակելը և դրա մասին տեղեկացնել շահառուին (տեղեկացնել լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին).

2) նշանակել և վճարել մայրության նպաստը:

11. Տարածքային կենտրոնը մերժում է մայրության նպաստ նշանակելը (տեղեկացնում է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին), եթե`

1) շահառուն չունի մայրության նպաստի իրավունք, կամ՝

2) դիմումին կից չեն ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերը, կամ դիմումում չեն ներառվել անհրաժեշտ տվյալները, կամ՝

3) համաձայն առկա տեղեկատվության՝ շահառուի մայրության նպաստը պետք է նշանակվի և վճարվի «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, կամ՝

4) դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու (140 օր) ժամանակահատվածն ավարտվելուց (ժամկետը լրանալուց) հետո: Ընդ որում, սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում 140-օրյա ժամանակահատվածը հաշվարկվում է երեխայի ծննդյան օրվանից.

5) սույն կարգի 4.2-րդ կետում նշված տեղեկատվության համաձայն շահառուին Արցախի Հանրապետությունում նշանակվել է մայրության նպաստ:

12. Տարածքային կենտրոնը նաև մերժում է մայրության նպաստ նշանակելը, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ շահառուն բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով կամ օտարերկրյա քաղաքացի շահառուն հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի առաջին օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված չի եղել Հայաստանի Հանրապետության բնակության վայրի հասցեով:

13. Տարածքային կենտրոնը, սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետերով սահմանված դեպքերում, որոշումն ընդունելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կարգով տեղեկացնում է շահառուին: Եթե տարածքային կենտրոնը որոշման մասին տեղեկացնում է փոստային ծառայության միջոցով, ապա որոշումն ուղարկվում է շահառուին՝ բնակչության պետական ռեգիստրում առկա` Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով: Սույն կետով սահմանված դեպքում (բացառությամբ 11-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքի), եթե նախորդ դիմումը մերժելու մասին որոշման ընդունման օրվանից հետո մեկ ամսվա ընթացքում կրկին ներկայացվում է նույն շահառուին մայրության նպաստ նշանակելու մասին դիմում, ապա դիմելու օր է համարվում նախորդ դիմումը ներկայացնելու օրը: Այս դեպքում դիմումին կից ներկայացվում են միայն պակասող փաստաթղթերը (բացառությամբ դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի, որը ներկայացվում է՝ անկախ որևէ հանգամանքից):

14. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում տարածքային կենտրոնը վճարում է նպաստը:

15. Մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով` մայրության նպաստի գումարը շահառուի, իսկ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

16. Նպաստը նշանակելու մասին դիմումին կից շահառուի տված՝ նպաստը դիմողին վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր ներկայացվելու դեպքում նպաստը վճարվում է լիազորված անձի (դիմողի) անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցվելու միջոցով:

16.1. Շահառուի կամ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելուց հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին կարող է ներկայացնել նաև այլ անձ (բանկային հաշվին առկա միջոցները կարող են վճարվել նաև այլ անձի), եթե բանկ է ներկայացվում հաշվետիրոջ (շահառուի, իսկ սույն կարգի 16-րդ կետում նշված դեպքում՝ լիազորված անձի) տված՝ բանկային հաշվին առկա միջոցները մասնակի կամ ամբողջությամբ դուրս գրելու (բանկային հաշվին առկա միջոցները վճարելու) վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիրը։

17-րդ կետը, որը վերաբերում էր մայրության նպաստն անկանխիկ եղանակով վճարելուն, ուժը կորցրել է 2020 թվականի մայիս ամսին։

18-րդ կետը ուժը կորցրել է դեռ 2016 թվականին։

19. Բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին չներկայացվելու դեպքում մայրության նպաստ ստանալու իրավունքը դադարում է, և բանկային հաշվին մուտքագրված մայրության նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերադարձվում միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:

20. Սույն կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով նշանակված, սակայն շահառուի մահվան պատճառով չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման: