«Գազպրոմը» ժամանակավորապես Հայաստան գազ կմատակարարի Ադրբեջանով

318

Հայաստան ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես կատարվելու են Ադրբեջանով՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի վերանորոգման պատճառով, հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»: Մարտի 16-ին ռուսական ընկերությունը Ադրբեջանի տարածքով գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր է կնքել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ, հայտնում է «Կոմերսանտը»:

«Պայմանագրով նախատեսվում է, որ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գլխավոր գազատարի ռուսական տեղամասում պլանային-նախազգուշական վերանորոգման աշխատանքների ժամանակահատվածում գազը սպառողներին կառաքվի Ադրբեջանի տարածքով մինչեւ Վրաստանի սահման»,- հայտնել է «Գազպրոմ էքսպորտը»: Աշխատանքներն ընթանալու են մոտ 3 շաբաթ, որոնց ավարտից հետո գազի փոխադրումը կկատարվի նախկին երթուղով՝ Ռուսաստանի եւ Վրաստանի սահմանով:

«Գազպրոմը» 2020 թվականին Հայաստան է մատակարարել 2,209 մլրդ խոր.մետր գազ, 2021-ի հունվարին մատակարարումներն աճել են 9 տոկոսով՝ հասնելով մինչեւ 310 մլն խոր.մետրի: 2020 թվականի դեկտեմբերին «Գազպրոմ էքսպորտը» եւ «Գազպրոմ Արմենիան» Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը երկարացրել են միայն 2021 թվականի առաջին եռամսյակի համար: