«Ես կռվում էի, որ վերադառնամ». Ժորան թշնամու հինգ տանկ է խոցել

396

Պատերազմի կազմակերպված լինելու, դավադրաբար թշնամուն հողեր հանձնելու խոսակցությունների մասին Ժորան խոսել չի ուզում. ասելիք շատ ունի, բայց հիմա չի խոսի Ժամկետային զինծառայող Ժորա Մովսիսյանը թշնամու հինգ տանկ է խոցել`երկու օրվա տարբերությամբ. հոկտեմբերի 9-ին եւ 12-ին: Նա արդեն տասն ամիս է, ինչ ծառայություն էր իրականացնում, երբ սկսվեց արցախյան երկրորդ պատերազմը: Տղաներն այդ ժամանակ դեռ չէին էլ գիտակցում, չէին էլ հասկանում ու պատկերացնում, թե իրենց ինչ է սպասվում: «Սեպտեմբերի 25-ին զորամասից տագնապով դուրս եկանք, երկու օր կենտրոնացման շրջաններում ենք մնացել: 27-ի առավոտ, 6.30-7-ին անօդաչուի ձայնը լսվեց: Մեզ տարան դիրքեր, հետագայում` ըստ գործողություններ ծավալելու նպատակահարմարության»,- մեզ հետ զրույցում պատմեց Ժորան: Հետո հիշում է իր վիրավորվելու օրը. «Հոկտեմբերի 12-ի գիշերը պարեկային ծառայության էինք, հերթափոխից հետո քնեցինք` հանգստացանք: Առավոտյան 6-ին հերթապահության էինք` ես, Արմենն ու եւս երկու հոգի: Ես ֆագոտով դիտարկում էի, Արմենն էլ հեռադիտակով իր դիտարկումներն էր կատարում: Դիտարկումների ժամանակ, «Շիլկա» տեսակի զենքով մեզ վրա կրակում էին ծառերի ետեւից, իրենց (ադրբեջանական-Ն.Գ.) դիտակետից: Դիտակետին նշանառեցի, երկու «Շիլկա» կար, երկուսին էլ գտա, հեռավորությունը թույլ էր տալիս, որ խոցեմ դրանք: Ասեցի: Արմենը կապ տվեց: Այդ ընթացքում մեզ խփեցին, բայց «Շիլկայով» չեն խփել, ավելի հեռվից են խփել»:

Արմենն այդ օրը զոհվեց: Արմեն Բաղդասարյանը 48 վայրկյանում թշնամու երեք տանկ էր խոցել: «Արմենին տեսել եմ, որ գլուխը հենել էր`անգիտակից էր: Ես այդ ժամանակ չեմ զգացել, որ Արմենը մահացել է, նույնիսկ իմ ցավերը չեմ զգացել. կանգնել եմ ոտքի ու այդ ժամանակ տեսա ոտքիս վիրավորումը`տրաքած էր, շոկի մեջ նորից ընկել եմ գետնին: Հետո կարողացա ինձ «շտիկով» քաշել`առաջ տանել, որ կարողանան ինձ հանել էդտեղից: Մի քանի անգամ ձայն տվեցի Արմենին` ձայն չլսեցի: Խառը իրավիճակ էր, այնպիսի տպավորություն էր, որ ձայն եմ տալիս, բայց ոչ ոք չի լսում ինձ, շոկային իրավիճակից ձայնս դուրս չի էլ եկել, ես կարծել եմ, որ ձայն եմ տալիս, բայց…հոգեբանները հետո ասացին, որ սպորտսմեն լինելս է ինձ փրկել այդ վիճակից դուրս գալ: Բայց ես կարծում եմ, որ ապրելու ցանկությունն էր…»,- պատմում է Ժորան`հավելելով, որ հիվանդանոցի ճանապարհին էլ գիտակցությունը չի կորցրել: