Դպրոցներն անցնում են հեռավար ուսուցմա՞ն

1511

168.am–ի տեղեկություններով՝ կառավարությունը որոշում է կայացրել երկու շաբաթով փակել հանրակրթական դպրոցները, որին կհաջորդի ևս մեկ շաբաթ՝ գարնանային արձակուրդների հաշվին։  Այսինքն՝ 3 շաբաթով կփակվեն հանրակրթական բոլոր հաստատությունները, և դասընթացները կշարունակվեն օնլայն ռեժիմով։

168.am-ի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ հանրակրթական դպրոցներում հեռավար ուսուցման անցելը կախված է Առողջապահության նախարարության համապատասխան ցուցումներից։

«Այդ ամենը որոշում է ոչ թե ԿԳՄՍ նախարարությունը, այլ այդ հարցը կարգավորվում է Առողջապահության նախարարի հրամանով՝ համապատասխան ցուցումներով։ Երբ նման ցուցում լինի, ուրեմն՝ կառաջնորդվենք՝ ինչպես և  հանրապետության շատ հաստատություններ, հիմնարկներ, ժամանցի կենտրոններ։ Հիմա գործում է այն հրամանները, որոնցով մենք աշխատում ենք, այսքանը»,- նշեց ԿԳՄՍ նախարարի խոսնակը։

Նույն հարցի վերաբերյալ Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ին փոխանցեց, որ նման խոսակցություններ ու լուրեր գրեթե ամեն օր շրջանառվում են, սակայն Առողջապահության նախարարությունը պաշտոնական հերքում օրերս արդեն տարածել է։

«Նման բան դեռ չի քննարկվում, եթե քննարկվի՝ առաջինը մենք կտեղեկացնենք։ Այս պահին որևէ փոփոխություն չկա, և որևէ նոր բան չեմ կարող ասել»,- եզրափակեց ԱՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Mediaport-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին հանձնարարել է ԱԱԾ-ին նախապատրաստել համապատասխան հիմքեր մարտի 15-ից կորոնավիրուսի վիճակի վատթարացման պատրվակով երկիրը կրկին փակելու, հավաքներն արգելելու համար։ Ըստ պլանի՝ երկիրը կվերադառնա խիստ սահմանափակումների ռեժիմ՝ օնլայն դասապրոցեսով, հանրային վայրերի աշխատանքի արգելքով: Ըստ պորտալի՝ Փաշինյանի հրահանգից հետո կորոնավիրուսի դեպքերը կտրուկ սկսել են աճել, քանի որ հանձնարարվել է համատարած դրական պատասխաններ տալ պոլիկլինիկաներում հանձնված թեստերին։