Ռազմական ոստիկանությունը հերքում է

409

Mediaport-ի  հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից Ռազմական ոստիկանություն են կանչվում ԳՇ պետին աջակցություն հայտնած սպաներն ու նրանց մերձավորները:

«Սպառնալիքի տակ նրանցից պահանջում են հետ կանչել ստորագրությունները Օ. Գասպարյանին աջակցող հայտարարությունից և հրապարակավ հայտարարել, որ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջից: ՌՈ պահանջը չկատարող սպաներից պահանջում են ազատման դիմում գրել»,- գրել է տելեգրամյան ալիքը:

168.am-ը փորձեց ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանից պարզաբանում ստանալ այս առնչությամբ: Նա նախ զգուշացրեց, որ հարցազրույց չի տալիս հեռախոսով, ապա տեղեկանալով, որ մեկ հարց է իրեն ուղղվելու՝ այն լսելուց հետո հերքեց տեղեկությունը, թե Ռազմական ոստիկանությունը սկսել է հետապնդել Օնիկ Գասպարյանին աջակցություն հայտնած Արցախի ՊԲ սպաներին:

«Ոչ, նման բան չկա»,- նշեց նա:

Հարցին էլ՝ այսինքն, չե՞ք պահանջել նրանցից հետ կանչել ստորագրությունները կամ ազատման դիմում գրել, Զաքարյանն արձագանքեց.

«Դուք ասացիք մեկ հարց»:

Հակադարձմանը, որ դա հարցի շարունակությունն է, Ռազմական ոստիկանության պետը սահմանափակվեց շնորհակալություն հայտնելով. «Շնորհակալություն, ցտեսություն: Ես արդեն ասացի»: