Մարտի 1-ից Վրաստանի օդը բացվում է ՀՀ-ի ու ևս 5 երկրի համար. ինչ պետք է իմանալ

332

Մարտի 1-ից ընդլայնվում է  այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան գալ` կորոնավիրուսի բացասական թեստով, հայտնում է Aliq.ge-ն։

Խոսքը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիների մասին է:

Կարգավորումները վերաբերում են միայն օդային սահմանին: Ցամաքային ու ծովային ուղիները Վրաստանը զբոսաշրջիկների համար դեռ փակ է պահում:

Մինչ այս պահը թեստի բացասական արդյունքով Վրաստան կարող էին մուտք գործել միայն Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Քաթարի, Միացյալ արաբական էմիրությունների, Բահրեյնի, Թուրքիայի քաղաքացիներն ու ռեզիդենտները:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հատուկ կարգավորումները, որոնք պետք է հաշվի առնեն երկրի այցելուները.

  • Վրաստան կարող են հասնել միայն ուղիղ` նշված երկրներից` ներառյալ 3-րդ երկրով տարանցիկի իրավունքը
  • Սահմանին պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան` արված ճանապարհորդությունից առաջ ոչ շուտ, քան 72 ժամը
  • Վրաստան հասնելուց 3 օր անց պետք է իրենց հաշվին հավելյալ թեստավորում անցնեն
  • Սահմանը հատելուց առաջ պետք է հատուկ ձևաթուղթ լրացնել` նշելով 14-օրյա ճանապարհորդությունների ծրագիրն ու կոնտակտային տվյալներ թողնել (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և այլն)
  • Մեծ Բրիտանիայից ժամանողների համար 12-օրյա կարանտինը պարտադիր է, այս դեպքում թեստի պատասխանն ու 3 օր անց հավելյալ թեստավորումը պարտադիր չեն:

Հիշեցնենք` Վրաստանում համաճարակային իրավիճակի բարելավմամբ պայմանավորված` իշխանությունը որոշում է կայացրել` բացել 2020-ի մարտի մեկից փակված  օդային սահմանը:

Վրաստան առանց պայմանների մուտք գործել կարելի է միայն կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրսն անցնելուց հետո: