Մեծ Բրիտանիայում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստումների արշավը

923

Մեծ Բրիտանիայում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստումների արշավը: Պատվաստումն առաջինը ստացել է 90-ամյա բրիտանուհի Մարգարեթ Քինանը: Մեկ շաբաթից նա կդառնա 91 տարեկան, եւ նրա խոսքով՝ սա լավագույն նվերն էր, որ կարող էր ստանալ: Պատվաստանյութի դեղաչափ ստացած առաջին տղամարդը 81-ամյա Ուիլյամ Շեքսպիրն է Յորքշիր կոմսությունից: Նա հիվանդանոցի անձնակազմին շնորհակալություն է հայտնել պրոֆեսիոնալիզմի եւ տարեցների հանդեպ ուշադրության համար, փոխանցում է BBC-ն: 

Բրիտանական կառավարության գնած Pfizer-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակը կազմում է 800 դեղաչափ, որն առաջիկա շաբաթներին կօգտագործվի՝ յուրաքանչյուրին երկու դեղաչափ հաշվարկով: Ենթադրվում է, որ մինչեւ դեկտեմբերի վերջ պատվաստվելու է 4 մլն բրիտանացի:

Կպատվաստվեն առաջին հերթին 80-ն անց մարդիկ, ծերանոցների խնամարկյալները եւ մասամբ բուժհաստատությունների ու սոցիալական ծառայությունների աշխատողները:

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը երեքշաբթի ասել է, որ զանգվածային պատվաստումը երկար ճանապարհ է, բայց տանում է այն անմխիթարական իրավիճակի հաղթահարմանը, որում հայտնվել է ամբողջ աշխարհը:

Ընդ որում՝ նա հիշեցրեել է, որ վաղ է թուլանալը, եւ ամբողջ երկիրը պետք է դրսեւորի միասնություն սոցիալական վարքագծի գոյություն ունեցող կանոններին հետեւելու հարցում: «Այս վիրուսը մահացու է, մենք պետք է բոլորս միասին լինենք»,- ասել է Հենքոքը:

Pfizer-ի պատվաստանյութը հաշվարկված է երկու դեղաչափով: Երկրորդ ներարկումը պետք է ստանալ առաջինից միջինը 2-3 շաբաթ անց: Վիրուսի հանդեպ իմունիտետը մեծ մասամբ առաջանում է երկրորդ դեղաչափից հետո 7-10 օր անց: Սեփական ուժեղ իմունիտետի առկայության դեպքում՝ հազվադեպ առաջինից հետո 21 օր անց: