Դիմակ չկրելու տուգանքները չվճարելու պատճառով քաղաքացիների բանկային հաշիվները սառեցվում են

334

Քաղաքացիներն ահազանգում են, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված դիմակ կրելու պահանջը չկատարելու հետևանքով առանց ծանուցագրի իրենց բանկային հաշիվները սառեցվում են։

«Դիմակ չկրելու համար դեռևս ամռանը կազմված ակտի վերաբերյալ մինչև օրեր առաջ նամակ չէինք ստացել, որ վճարենք։ Առանց ինձ զգուշացնելու սառեցվել էր հաշվեհամարս։ Պարզվեց դիմակ չկրելու համար նախատեսված 10 000 դրամն ու այն չվճարելու համար նախատեսված 5000 դրամ տուգանք էր պատճառը»,- դժգոհում է քաղաքացին։

Թե ինչո՞ւ ծանուցագրի միջոցով քաղաքացիներին չի տեղեկացվում դիմակ չկրելու տուգանքները վճարելու մասին և թե ինչու են բանկային հաշիվները՝ ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել ոստիկանությունից․ «Առհասարակ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշում կայացնելիս քաղաքացին ծանուցվում է, որ իր նկատմամբ կազմված արձանագրության հիման վրա որոշում է կայացվել կիրառել վարչական տույժ։ Քաղաքացուն ուղարկվում է ծանուցագիր, որտեղ նշված հաշվեհամարին պետք է կատարի վճարումը։ Եթե քաղաքացին չի ծանուցվում ինքն իրավունք ունի բողոքարկելու, քանի որ չծանուցելու դեպքում իրենից ԴԱՀԿ միջոցով գանձում անելու իրավունք չկա։ Քաղաքացին ծանուցումը չստանալու դեպքում կարող է բողոքարկել և ԴԱՀԿ կարգով բռնագանձումը վերացնել»,- ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։