Սեդա տատիկին իր որդին, հարսը և թոռը պարբերաբար ծեծի են ենթարկում.Վերցնում են թոշակը սնունդ չեն տալիս․․․

1107

85-ամյա Սեդա տատիկն է (Սեդա Վարդանյան Ղազարի), ով ապրում է Արտաշատում։ Նրան իր որդին, հարսը և թոռը պարբերաբար ծեծի են ենթարկում, նվաստացնում են, վերցնում են թոշակը, սնունդ չեն տալիս։ Տատիկը հիմնականում մեկուսացած է իր սենյակում, չնայած այն բանի, որ վերջինս տան սեփականատերն է։

Ընտանիքի գրեթե բոլոր անդամները հոգեկան հիվանդություններ ունեն և գրանցված են հոգեբուժարաններում։ 85-ամյա կնոջը բազմիցս փորձել են սպանել և թունավորել։ Տատիկը շատ անգամներ դիմել է ոստիկանություն, սակայն հետո խղճահարությունից ելնելով հետ է վերցրել դիմումը։ Այսօր, ցավոք սրտի, Սեդա տատիկի վրա կրկին հարձակվել են և հարվածներ հասցրել դեմքին, մարմնին։ Նա փախել է իր տանից, գնացել է ոստիկանություն։ Սեդայի ընտանիքի անդամները վտանգավոր են հասարակության համար։

Անցյալ ամիս, օրինակ, նրանցից երկուսը հոգեբուժարան էին տեղափոխվել այն բանից հետո, երբ հարձակվել էին հարևանի վրա։ Ընտանիքի անդամներից մեկը տարիներ առաջ փորձել է կացնահարել իր բարեկամին, բարեբախտաբար՝ չի կարողացել։ Գործը մտել է դատարան, դատարանում ապացուցվել է վերջինիս կողմից սպանության մտադրությունը, բայց քանի որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ կան, արդյունքում ուղղակի 2 շաբաթով ուղեգրվել է հոգեբուժարան և վերջ։ Ոստիկանությունը վախենում է ընտանիքից, հարևանները նույնպես:

Կա՞ Հայաստանում որևէ կառույց, որը կկարողանա պաշտպանել իր քաղաքացուն…