«Արցախի կապիտուլյացիան պատրաստել, ստորագրել ու գծել են այն մարդիկ, ովքեր հիմա մեզ դրա մեջ մեղադրում են». Ալեն Սիմոնյան

2066

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը չի մեկնաբանում ՀՀ երրորդ նախագահի և Բելառուսի նախագահ Ա. Լուկաշենկոյի երկխոսության ձայնագրությունը՝ կապված Արցախի ազատագրված 7 շրջանների հետ։

Ալեն Սիմոնյանի բնորոշմամբ՝ Լուկաշենկոն իրեն չի հետաքրքրում, Սերժ Սարգսյանը՝ առավել ևս։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած Արցախի կապիտուլյացիայի մասին փաստաթղթին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Արցախի կապիտուլյացիան պատրաստել են, թղթերով գրել են, ստորագրել ու գծել են այն մարդիկ, ովքեր հիմա մեզ դրա մեջ մեղադրում են։ Սա բոլորը գիտեն»։

Դիտարկմանը՝ ենթադրություններ կան, որ Սերժ Սարգսյանից հետո Ալիևը նույն գործարքն առաջարկել է Նիկոլ Փաշինյանին, և վերջինս գնացել է այդ գործարքին, Ալեն Սիմոնյանը նշեց. «Լավ էլի, հեն ա, Նիկոլ Փաշինյանի տուն գնացել, տեսել էին՝ ինչ կա, մի հատ 70 հազար դրամանոց ժամացույց»։

Հարցին՝ իսկ ի՞նչ է նշանակում՝ երկրի նախագահին նման առաջարկ անել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ կարող է ասել, սակայն չի ասում, որովհետև չի ցանկանում հիմա իրավիճակ սրել ու գնահատականներ տալ։

«Ես իմ վրա բերեմ, օրինակ, ես Ձեզ կարո՞ղ եմ նման առաջարկ անել, ես ինձ նման առաջարկ թույլ չեմ տա, որովհետև դուք նման առաջարկ նույնպես ինձ թույլ չեք տա»,- հավելեց նա։

Հիշեցնենք, որ Սարգսյան-Լուկաշենկո ձայնագրությունում Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին ասում է, որ Ալիևը խոստանում է տալ 5 մլրդ դոլար՝ Արցախի ազատագրված շրջանները հանձնելու համար, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հակադարձում է, որ ինքն էլ 6 մլրդ կտա, որպեսզի Ալիևն Արցախից հրաժարվի։