Որքան փոխհատուցում են ստանում հայրենիքի պաշտպանության ընթացքում տուժած, վիրավորում ստացած անձինք

419

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ պետությունից հատուցում ստանալու իրավունք ունեն.

  1. յուրաքանչյուր զինծառայող, որի առողջությանը 2017թ.-ի հունվարի 1-ից հետո պատճառված վնասի արդյունքում ճանաչվել է I կամ II խմբի հաշմանդամ,
  2. 2017թ.-ի հունվարի 1-ից հետո զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի անդամները:

Ինչ վերաբերվում է հատուցման գումարային չափին՝ ապա այն, կախված զինծառայողի աստիճանից, տարբերվում է: Այսպիսով՝

  • Պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայողի զոհվելու, անհայտ բացակայող կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում հատուցման չափը 82 միլիոն ՀՀ դրամ է, իսկ II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում՝ 53 միլիոն ՀՀ դրամ:
  • Պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողի, կամ տարածքային պաշտպանությանը ներգրաված կամ կամավորագրված անձի զոհվելու, անհայտ բացակայող կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում հատուցման չափը 70 միլիոն ՀՀ դրամ է, իսկ II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում՝ 41 միլիոն ՀՀ դրամ:
  • Պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայի կամ շարքային զինծառայողի զոհվելու, անհայտ բացակայող կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում հատուցման չափը 58 միլիոն ՀՀ դրամ է, իսկ II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում՝ 29 միլիոն ՀՀ դրամ:

Զոհվելու, անհայտ բացակայող կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում նշված գումարի ամբողջ չափից 10 միլիոն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:

Իսկ II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում միանվագ վճարվում է 5 միլիոն դրամը, մնացածը՝ կրկին՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում: