«Քանի որ չես տեսել երեխայիդ դին, դժվար է հավատալ, որ ինքը զոհվել ա». Հերոս Հունան Մանվելյանը զգում էր՝ պատերազմ է լինելու (տեսանյութ)

749

Հունան Մանվելյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, որոնք զոհվեցին հանուն հայրենիքի պաշտպանության: Նա ծնվել էր 2000 թվականի հոկտեմբերի 22-ին Երևանում. «Մեկ տարի ապրել ենք Երևանում, որից հետո տեղափոխվել ենք Արցախ, քանի որ Հունանի մեծ եղբյարը ծառայում էր Արցախում, նրան մոտ լինելու համար մենք ևս տեղափոխվեցինք Արցախ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց զոհված Հունան Մանվելյանի մայրը՝ Տիգրանուհի Մանվելյանը:

Հերոսը ազատ ժամանակ սիրում էր զբաղվել սպորտով․ նա ըմբշամարտիկ էր: Սպորտի աշխարհում Հունանը հասցրել է ստանալ բազմաթիվ պատվավոր տեղերի մեդալներ և պատվոգրեր: Նա Շատ հաճախ նաև երգում էր. « Շատ ջիգյարով երեխա էր, հանգիստ, մարդամոտ: Տղաս բնավորության ամենալավ հատկանիշներով էր օժտված»,- ասաց Տիգրանուհի Մանվելյանը:

Հունանի համար ևս եկավ այն օրը, երբ պետք է գնար ծառայության՝ հայրենիքը պաշտպանելու: Նա 2018 թվականի օգոստոսի 11-ին զորակոչվեց բանակ. «Ուրախ էր բանակ զորակոչվելիս, բայց ներսում զգում էր մի բան: Ասում էր՝ մա՛մ ջան, ես երբ գնամ բանակ, երևի արդեն պատերազմ կլինի»,- խորը ցավով նշեց մեր զրուցակիցը:

Պատերազմի ընթացքում Տիգրանուհուն, ցավոք սրտի, բախտ չի վիճակվում անընդմեջ կապի մեջ լինել իր՝ պատերզմող որդու հետ: Նրան հաջողվում է Հունանի հետ խոսել ընդամենը մեկ անգամ և այն էլ՝ պատերազմի առաջին օրը միայն. « Առավոտյան տրամադրությունը շատ լավ էր, ասաց՝ մա՛մ ջան, ոնց եք՞, մինչև ես կհարցնեի, թե՝ դո՛ւ ասա, տղա՛ս, դու պատմի, հեռախոսազանգը ընդհատվեց ու էդ եղավ մեր վերջին հեռախոսազրույցը»,— սրտի կսկիծով ասաց հերոսածին մայրը:

Մանվելյանների ընտանիքին միայն հայտնել են, որ Հունանը զոհվել է հրամանատարի կյանքը փրկելիս: Նրանք անգամ չգիտեն, թե որդու հետ այդ ցավալի դեպքը երբ է տեղի ունեցել. « Հոկտեմբերի 27-ին նոր արդեն զոհվածների ցուցակում գրվել է տղայիս անունը: Մոտ մեկ շաբաթ առաջ մի դիակ են գտել, որը ԴՆԿ-ով համապատասխանում է Հունանիս, բայց ես կասկածներ ունեմ, որ իմ Հունանը չէ, ես նորից ասել եմ որ ԴՆԿ անեն»,- նշեց Հունանի մայրը:

Մայրը ունի կասկածներ, որ իր որդին ողջ է, միայն թե գերության մեջ է: Այդ միտքը սփոփում է նրան առաջ նայել. «Տեսանյութեր կան, ճիշտ է, թիկունքով եմ տեսել, բայց նման էր Հունանիս, ինձ թվում ա՝ ինքը գերության մեջ ա: Եվ հետո, քանի որ չեմ տեսել Հունանին, մի քիչ դժվար ա հավատալը, որ Հունանի դին ա: Եղբայրը, որ գնացել է դիակը ճանաչելու, ասել է՝ անճանաչելի է եղել»,- մեծ ցավով ասաց Տիգրանուհի Մանվելյանը:

Զվարթ Պետրոսյան