365 օր՝ դռները բաց․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Վիկտոր Մնացականյանի առաջին հարցազրույցը (տեսանյութ

478

Ֆիլհարմոնիկը՝ 365 օր։ Այսուհետ Արամ Խաչատրյան համերգասրահն աշխատելու է այս սկզբունքով։ Շաբաթվա բոլոր օրերին թեմատիկ համերգներ ու միջոցառումներ են լինելու։ Ընդգրկվելու են երաժշտական բոլոր ոլորտները՝ դասականից մինչև հոգևոր, ջազ ու էքսպերիմենտալ երաժշտության համերգներ։

Դպրոցականների համար կվերականգնեն աբոնեմենտային համերգները, ինչպես նախկինում կար՝ «դպրոցականի ֆիլհարմոնիան»։ Եվ, որ ամենակարևորն է, անխտիր բոլոր համերգային ծրագրերի համար պարտադիր պայման է լինելու՝ գեղագիտական և որակական չափանիշների պահպանումը։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի  և Արամ Խաչատրյան համերգասրահի նոր տնօրեն Վիկտոր Մնացականյանը «Ա1+»-ի հետ զրույցում մանրամասն ներկայացրեց թե ինչ խորքային խնդիրներ ունեն և, թե ինչպես է պատկերացնում դրանց իրականացումը։

Նրա խոսքով, օրինակ` «տարբեր տելեպուզիկներ, Մաշան և արջն ու նմանատիպ բաներ պետք է զտեն», և որպեսզի որևէ մեկին չնեղացնեն, համապատասխան ծրագիր են մշակել, թե ինչ պայմաններով տարբեր ՊՈԱԿ-ների կարելի կլինի վարձակալել բեմը, կամ համատեղ ծրագրեր իրականացնել։

«Ի դեպ, քննարկում ենք ամսվա մեջ կիրակնօրյա առավոտյան համերգներից մեկը նոր ֆորմատով անցկացնել։ Այն եզակի համերգներից կլինեն, երբ կարելի է ջինսով, բոթասով և սուրճի բաժակով ներկա գտնվել։ Սակայն, ընդհանրապես մարդիկ պետք է հասկանան և ընդունեն, որ դասական համերգներին պետք է ներկայանալ որոշակի «դրես կոդով»։

Ծախսատար շատ աշխատանքներ են սպասվում՝ երգեհոնի վերականգնումից, որն արդեն տարիներ չեն կարող օգտագործել և  որի ռեստավրացիան կարժենա չորսից- հինգհարյուր հազար եվրո` մինչև վերելակների տեղադրում, սանհանգույցների վերանորոգում։

Ինչ վերաբերում է տոմսերի գնային քաղաքականությանը, ապա տնօրենի խոսքով, տոմսերի արժեքը կսկսվի հազար դրամից և կհասնի մինչև 25-ից-30 հազար դրամ, որոշ դեպքերում կարող է վաճառեն 50 հազար դրամանոց տոմսեր, կախված ծրագրից ու մենակատարից։

«Ես կարծում եմ, որ մեր նվագախումբը որակապես շատ ավելի առաջ է, քան օրինակ Կիևի, կամ Թբիլիսիի նվագախմբերը, և պարտադիր չէ, որ աշխարհահռչակ մենակատար կամ կոլեկտիվ լինի, որ տոմսերի գները բարձր լինեն։ Գնողունակ ունկնդիրը մեր նվագախմբի որակյալ կատարումների համար ևս պատրաստ է վճարել տասնհինգ և ավել հազար դրամ, ինչը ապացուցեցին վերջին համերգները»։