Զինվորին, որը մոր միակ զավակն է, իջեցրել է մեքենայից, ինքը նրա փոխարեն գնացել մարտի․ 19-ամյա Ժորան զոհվել է Կուբաթլուում

1659

Տանկի մեխանիկ վարորդ Ժորա Մարտիրոսյանը սեպտեմբերին Ռուսաստանում անցկացվող «Կովկաս-2020» զորավարժությանն էր մասնակցում, երբ սկսվեց պատերազմը։ Ստորաբաժանումը Հայաստան վերադարձավ պատերազի 5-րդ օրը՝ հոկտեմբերի 2-ին եւ օդանավակայանից միանգամից ուղեւորվեց մարտի դաշտ։

«Օդանավակայանում տեսանք, հասցրին կարճ խոսել հետը։ Ասում էր՝ չմտածես, մամ ջան, ամեն ինչ լավ է լինելու, չմտածես, չնեղվես․․․ Ինքը շատ հասուն էր, շատ հասուն էր դատում իր տարիքից։ Լավագույններից էր ծառայությունում»,- NEWS.am-ին է պատմում Ժորայի մայրը՝ տիկին Գայանեն։

Որդու հետ մայրը վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 21-ին․ տարօրինակաբար այդ օրը Ժորը սովորական մեկի փոխարեն զանգել է երկու անգամ․«Սովորաբար բարձր տրամադրությամբ էր իմ հետ խոսում, որ ոչինչ չզգացվի, ինձ ասում էր՝ առաջնագծում չեմ, թիկունքն եմ պահում, բայց դա էդպես չէր։ Իսկ ամսի 21-ին վերջին զանգը երեկոյան 8 անց կես եղավ, ու մի 10 րոպե հետո նորից զանգ եկավ՝ մամ, լա՞վ ես։ Տարօրինակ էր էդ զանգը։ Երեւի զգում էր․․․»

Ժորան զոհվել է դրա հաջորդ օրը՝  հոկտեմբերի 22-ին, Կուբաթլուում ։

«Իր գնալու օրը չի եղել, ինքը նոր է դիրքերից իջել, 55 հոգի պետք է մեկնեին նորից, մի երեխու, որը մի մամա է ունեցել ու դրանից ավելի ոչինչ, իջեցրել, ինքն է նստել էդ երեխու տեղը։ Ես չգիտեմ՝ ամեն օր գալիս, էդ հարցն եմ ուզում իրեն տամ՝ ինչ կար էդ երեխեքի մեջ, ու մենակ ինքը չի, ոնց նայում ենք, բոլոր երեխեքը նույն ձեւի են։ Վախն իր համար չէր։ Իր զինակից ընկերները, որ իրեն ճանաչել են, հետն են եղել, բոլորը նույն բանն են ասում, որ վախ չի եղել իր մեջ։ Ոնց լսում եմ, ոնց որ նույն արգանդից դուրս եկած լինեն էս երեխեքը»,- պատմում է տիկին Գայանեն։

Ժորայի ընտանիքը մինչեւ նրա զինծառայության մեկնելը՝ շուրջ 4 տարի, բնակվելիս է եղել Ռուսաստանի Դաշնությունում։ Հայաստան են վերադարձել հենց Ժորի խնդրանքով, որպեսզի ծառայության մեկնի։

«Շատ էր սիրում Հայաստանը, չէր կարողանում ուրիշ տեղ մնալ»,- ասում է մայրը։

Ժորան ծառայությունից վերադառնալուց հետո նպատակ ուներ բարձրագույն կրթություն ստանալ, մասնագիտանալ տուրիզմի ոլորտում։