«Օրենքով գողեր» «Շահումյանցի Ժիրոյի» և «Պրոֆեսորի» քաղաքական սայթաքումը

1347

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության կողմից իրականացված բազմաքայլ կոմբինացիայի շնորհիվ ոչ միայն «թակարդում» են հայտնվել հերթական «օրենքով գողերը», այլև երկար ժամանակ Թուրքիայում ապաստանած և իր մտերիմ, ադրբեջանցի «օրենքով գող» «Գուլիի» սպանությունից հետո Հայաստան վերադարձած «Շահումյանցի Ժիրոն» հայտնվել է քրեական սկանդալի կենտրոնում։ Արտերկրում բնակվելու պատճառով հայկական իրականությունից կտրված «Շահումյանցի Ժիրոն», վերադառնալով Հայաստան, դեռևս նախկին «հովերով տարված» փորձել է իր մասին հիշեցնել և «դրվածք դնել» «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Սակայն նա հաշվի չի առել, որ Հայաստանում արդեն շատ բան է փոխվել․ Քրեակատարողական ծառայությունը և Ոստիկանությունն աչալուրջ են նման բոլոր զարգացումներին և անհապաղ ու համարժեք արձագանքում են ցանկացած այդպիսի միջամտությունների։ Տվյալ դեպքում ևս իրավապահները, ամբողջությամբ վերահսկելով իրավիճակը, սպասել են հետագա զարգացումներին՝ գործին խառնված քրեական աշխարհի ներկայացուցիչներին ի հայտ բերելու և առաջին իսկ պատեհ առիթով պատասխան հարված հասցնելու համար։ Առաջինը սայթաքել է հենց «Շահումյանցի Ժիրոն»՝ փորձելով քրեական հեղինակություն Կիլիկիացի Հարութիկի միջոցով «զոն նայող» կարգել քաղաքական գործընթացներում ներգրավված «Կոնդեցի Պզեին», որը նոյեմբերյան հայտնի դեպքերի ժամանակ Ազգային ժողով ներխուժած և բարձրախոսով քաղաքական կոչեր հնչեցրած անձանցից է։ Քրեակատարողական հիմնարկում անհապաղ կանխվել է այդ գործընթացը, իսկ «օրենքով գողի» կողմից նման «թեկնածուի» առաջադրումը խիստ տարակուսանք է առաջացրել հենց քրեական աշխարհում, քանի որ դեռ թարմ են հիշողությունները, երբ 2016 թվականին «Սասնա ծռերին» պաշտպանելու և այդ եղանակով քաղաքական գործընթացներին ներգրավվելու համար մի շարք «օրենքով գողեր» անգամ «թագազրկվեցին»։ Հավանաբար հասկանալով իր կոպիտ «սայթաքումը» և նույնպիսի հետևանքների հավանականությունը՝ «Շահումյանցի Ժիրոն» փորձել է արդեն քողարկված իրականացնել իր ծրագիրը՝ այս անգամ էլ արտերկրում բնակվող վրացի «Պրոֆեսորի» միջոցով փորձելով «զոն նայող» կարգել վերջինիս հայրենակից «Գագային»։ Բայց Քրեակատարողական ծառայությունը և Ոստիկանությունն այս անգամ ևս չեն հապաղել ու արդեն դիմել են կտրուկ քայլերի։ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ «Շահումյանցի Ժիրոն» «հյուրընկալվել» է Ոստիկանությունում, դրանից անմիջապես հետո «Կոնդեցի Պզեն» և Կիլիկիացի Հարութիկը հայտնվել են ԱԱԾ-ի «պադվալում», իսկ «Գագան»՝ մեկ այլ քրեակատարողական հիմնարկում։ Գործին ներգրավվածները հիմա «երդումներ են ուտում» իրենց անմեղության վերաբերյալ, սակայն նաև փորձում են ինտենսիվ պարզել, թե իրավապահ մարմիններն ինչ ծավալով են տեղեկացված իրենց քայլերի մասին, և ինչ պատիժ է սպասվում դրանց համար։ Էլ ավելի մտահոգիչ է «Պրոֆեսորի» և հատկապես «Շահումյանցի Ժիրոյի» վիճակը, որոնք սպասում են նաև իրենց «համքարության» արձագանքին քաղաքական գործընթացներին առնչվելու կապակցությամբ։ Հ.Գ. Ստացված տեղեկութունները պարզելու նպատակով SHAMSHYAN.com-ը կապ հաստատեց Քրեակատարողական ծառայության և Ոստիկանության հետ, որտեղից հայտնեցին, որ օպերատիվ նկատառումներով պայմանավորված՝ նպատակահարմար չեն համարում որևէ պարզաբանում ներկայացնել։ Այսինքն՝ կարելի է հասկանալ, որ զարգացումներ են լինելու, քանի որ օպերատիվ աշխատանքները շարունակվում են։ Ավելին՝ ըստ լուրերի՝ գործին արդեն խառնվել է նաև ԱԱԾ-ն, ինչը ենթադրում է օտարերկրյա հատուկ ծառայություններին ևս հետագա պարզաբանումներին ներգրավելու հեռանկարի մասին։