ՀՀ-ում ԴՆԹ նույնականացման համակարգը 1 հատ է, զոհված տղաները՝ հազարավոր. Ա. Գասպարյան

1130

Լրագրող, Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսնակ Անի Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում ԴՆԹ նույնականացման համակարգի աշխատանքին: Նա մասնավորապես նշել է, որ ՀՀ-ում ԴՆԹ նույնականացման համակարգը մեկն է և զոհված զինծառայողների հարազատները արդեն ամիսներ է, ինչ սպասում են իրենց հարազատի մասունքների ԴՆԹ նույնականացման պատասխանին, որպեսզի հողին հանձնեն: Գրառումը՝ ստորև.

«Զոհվածների հարազատները, մայրերը սպասում են, սպասում են իրենց որդիների… մասունքներին…

Սպասում են օրեր, շաբաթներ, արդեն՝ ամիսներ:

Սպասում են, որ այդ մասունքը գրկեն, հողին հանձնեն ու չխելագարվեն:

Ուզում են իրենց որդիների առաջ մեղավոր չզգան, որ չեն կարողանում նրանց անշունչ մարմինները գոնե ծածկել, որ չմրսեն, որ չմնան անտուն-անտեր, որ վերադառնան տուն հավերժ ննջելու…

Բայց պարզվում է՝ տղաներն ու նրանց հարազատները նույնիսկ դրան արժանի չեն:

Պարզվում է՝ ԴՆԹ նույնականացման համակարգը Հայաստանում ընդամենը մեկ հատ Է: Պատկերացնո՞ւմ եք՝ 1 հատ: Իսկ զոհված տղաները՝ հազարավոր…

Ու մարդիկ սպասում են, սպասում են հուսահատ, ցավից ու վշտից խելագարվելով, ամեն րոպեն ու ամեն օրը դժոխային հավերժության զգացումից քամվելով ու այրվելով:

Մենք կառավարություն ունե՞նք: Մա՛րդ եղեք: Համահայկական հիմնադրամի գումարները բավական են, որ կարողանաք շտապ ձեռք բերել ևս մեկ, երկու, երեք սարքավորում, ինչքան որ պետք է, բայց այս մարդկանց ողջ-ողջ չայրեք սպասումից….

Նրանց ուզածն ընդամենը իրենց որդիների մասունքներն են…»,- գրել է նա: