Հովհաննես Իգիթյանը փաստորեն ընդդիմանում է վարչապետի քաղաքականությանը. Էդմոն Մարուքյան

952

Քանի որ Հովհաննես Իգիթյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն է, փաստորեն նա, ըստ էության ընդդիմանում է վարչապետի քաղաքականությանը, հետեւաբար, պետք է դրա մասին հայտարարի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ճին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հովհաննես Իգիթյանի հայտարարությանը, ըստ որի ԱԺ-ն պետք է հայտարարությամբ հանդես գա եւ իր անհամաձայնությունը հայտնի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ փաստաթղթին, որպեսզի  դա չդառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների բանակցություններում ԼՂ խնդրի լուծման կոնցեպտ:

«Դա նշանակում է այդ փաստաթուղթը որեւէ ձեւով կասկածի տակ դնել, ինչի մասին թե վարչապետն է արտահայտվել, թե ՌԴ նախագահը, թե Լավրովը Հայաստան այցի ժամանակ, թե «Իմ քայլի» ներկայացուցիչները, որ այդ փաստաթուղթը ինչպես կա, այդպես պետք է իրագործվի»,-ասաց Մարուքյանը:

Հարցին, թե արդյոք Փաշինյանը կներկայացնի հրաժարական մինչեւ վաղը ժամը 12-ը, եւ եթե դա չլինի, ինչ զարգացումներ են հնարավոր, Մարուքյանը պատասխանեց. «Հրաժարականի հարցով դիմեք վարչապետի մամուլի գրասենյակ, ես նման տեղեկություն չունեմ: Թե ինչ կլինի դրանից հետո, վաղը կերեւա»:

Լրագրողների հիշեցմանը, որ ԼՀԿ-ն դեռ ամիսներ առաջ փակ հանդիպումներ էին ունեցել Զոհրաբ Մնացականյանի եւ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո վստահություն էր հայտնել, թե Հայաստանում չկա հող ծախող, Մարուքյանն ասաց. «Ես ասել եմ, որ ես մտահոգություն չունեմ, որ հողերը ծախելու են: Ես հիմա էլ եմ կարծում, որ հողերը չեն ծախել: Ես ասել եմ, թե ինչի արդյունք է այս ամեն ինչը: Մեր հետ հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանն ու Նիկոլ Փաշինյանն ասում էին, որ ամեն ինչ իրենց վերահսկողության տակ է, որ իրենք նոր կոնցեպտ են առաջ բերել, եւ լոբբինգ են անում, որ դա առաջ տանեն»: