Երեք «հրացանակիրներն» ու Նիկոլը. 30 տարի անց

1289

Հայաստանում ներքին կռիվ է «30 տարվա սխալները» միմյանց վրա բարդելու, դավաճանության մեղավոր նշանակելու համար (իրենց եզրաբանությունն է): Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կտրուկ արձագանքեցին Նիկոլ Փաշինյանի հերթական լայվին, որով նա փորձում էր ողջ մեղքը բարդել Ղարաբաղի այսպես կոչված բանակցային գործընթացի վատ ժառանգության ու դրա հեղինակների վրա, նրանք էլ իրենց հերթին մեղքը բարդելով Նիկոլի անգրագիտության ու դավաճանության վրա:
30 տարի նույն վիճակն է՝ նախ Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանն էին միմյանց մեղադրում վատ ժառանգության համար, հետո Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանին, հետո Քոչարյանն ու Տեր-Պետրոսյանը միասին՝ Սերժ Սարգսյանին, հետո Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը միասին՝ Քոչարյանին: Փուլային թե փաթեթային, Կազանի թե Լավրովի պլան, Մադրիդյան սկզբունքներ, Ղարաբաղին դուրս թողնել եւ այլն՝ բնականաբար Ռուսաստանի անփոխարինելի դերի ընդունումով:
Եվ ահա, Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես որոշեց անմասն չմնալ այս վեճին: Ճիշտ է, առերեւույթ նա խոսում է Վազգեն Մանուկյանի կոշտ հայտարարությունների եւ քաղաքացիական պատերազմի վտանգի մասին, սակայն հետագա շարադրանքը ցույց է տալիս, որ «հիմնադիր հայրը» հանրային անհանգստությունների մտահոգությամբ քողարկում է պարզունակ մրցակցությունը: Դա գուցե կարելի էր ներողամտությամբ ընդունել՝ սովորական բան է քաղաքականության, այն էլ հայկական քաղաքականության բեմահարթակի վրա, մանավանդ նույն տեղում՝ trente ans apres: Գրեթե Դյումա՝ ռոմանտիկ արկածների ու ինտրիգների պարարտ միջավայրում: Սակայն ոչ այս վիճակում, երբ բովանդակային որոշումներ են պետք: