#InterCheck. Արդյո՞ք Հիտլերն այցելել էր օկուպացված Մարիուպոլ 1941 թվականին

Վրաստանյան factcheck.ge-ն ուսումնասիրել է սոցցանցերում տարածված տեղեկությունները, թե ըստ Թվիթերում կատարած հարցման՝ բրիտանացիները ՌԴ նախագահին համարում են լավագույն նախագահ: Հարցումը կատարել է բրիտանացի քաղաքական գործիչ Դևիդ Քուրթենը, որը աջ ազգայնական կուսակցության առաջնորդն է: Նա բազմիցս հանդես է եկել հակապատվաստումային քարոզչությամբ: Իսկ Ուկրաինական պատերազմի համատեքստում նա միշտ արտահայտել է ռուսամետ դիրքորոշում: Մարտի 16-ին նա  հարցում է անցկացրել՝ «Ո՞վ է լավագույն նախագահը»։ Հարցված 11,002 մարդկանցից Պուտինի օգտին քվեարկել է 85․7%-ը։ Ըստ վրաստանցի փաստեր ստուգողների՝ հարցման արդյունքները Անգլիայի ողջ բնակչության (55 մլն) համար ընդհանրացնելը մանիպուլյատիվ է:

Ղազախստանյան factcheck.kz-ը ստուգել է երկրի նախագահ Քասիմ–Ժոմարտ Տոկաևի՝ Անկարայում կատարած հայտարարությունը, թե Թուրքիան Ղազախստանի հինգ առաջատար առևտրային գործընկերներից մեկն է։ Ղազախստանի Ազգային վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ Թուրքիան իսկապես Ղազախստանի առաջատար հինգ առևտրային գործընկերներից մեկն է։ Դրա մասնաբաժինը Ղազախստանի ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում կազմում է 4․7%։ Առաջին տեղում Ռուսաստանն է՝ 19․4%, որին հաջորդում են Չինաստանը (18%), Իտալիան (11․1%), Թուրքիան և Կորեան (4․6%)։

Ռուսաստանյան provereno.media-ն ստուգել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մարիուպոլ կատարած այցից հետո համացանցում տարածված տեղեկությունները, թե նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը նույնպես այցելել էր այդ քաղաք: Որպես ապացույց՝ օգտատերերը գրառումներին կցում էին Հիտլերի նկարը, որի վրա գրված է «Մարտի 18, Մարիուպոլ»:

Գերմանացիներն օկուպացրել էին Մարիուպոլը 1941 թ.-ին: Օկուպացիան տևել էր երկու տարի: Միանգամից մի քանի աղբյուրներ հաստատում են, որ 1941 թ. դեկտեմբերին անձամբ Հիտլերն այցելել էր այդ քաղաք: Այդ մասին իր հիշողություններում գրել է նաև Հիտլերի անձնական օդաչուն: Այսպիսով, ռուս փաստեր ստուգողները եզրակացրել են, որ Ադոլֆ Հիտլերն իսկապես այցելել է Մարիուպոլ՝ դրա օկուպացիայից երկու ամիս անց:

Աշխարհ

Բրիտանական Reuters Fact Check-ը ստուգել է սոցցանցերում արված պնդումները, թե Թվիթերի սեփականատեր Իլոն Մասկն արգելափակել է բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի թվիթերյան հաշիվը: Իրականում Թունբերգի թվիթերյան հաշիվը հոդվածի հրապարակման պահին կասեցված կամ արգելափակված չէր: Տեղեկության սկզբնաղբյուրն ամերիկյան հումորային կայք էր:

 

Ամերիկյան Snopes-ը ստուգել է համացանցում տարածված պնդումները, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մարիուպոլ կատարած այցի լուսանկարը, որում նրա կզակը նկատելիորեն տարբերվում է նրա մյուս լուսանկարներից, ապացուցում է, որ նա օգտվում է նմանակի ծառայություններից: Սակայն իրականում դրանք չեն ապացուցում, որ նա այս ճամփորդության ժամանակ օգտագործել է նմանակ, քանի որ նույն այցից այլ կադրերն ապացուցում են, որ Մարիուպոլ այցելած մարդն իսկապես Պուտինն է, և նրա արտաքինի փոփոխությունները կարող են կախված լինել տարիքից և տեսախցիկի տարբեր տեսանկյուններից:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

Լրահոս