Պաշտոնանկ եղած նախարարները չե՞ն հանձնել դիվանագիտական անձնագրերը. ԱԳՆ-ն թաքցնում է տվյալները. «Փաստինֆո»

1067

Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 10-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո աշխատանքից ազատված նախարարները եւ մյուս այլ բարձրաստիճան պաշտոնյաները չեն հանձնել իրենց դիվանագիտական անձնագրերը։ Այսպիսի հետեւության հիմքը «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ից ստացված գրությունն է։

Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանական ուժի որոշ ներկայացուցիչներ պաշտոնանկությունից հետո մտադրվել են մեկնել Հայաստանից եւ բնակություն հաստատել արտերկրում։

Եւ դեռեւս նոյեմբերի 24-ն «Փաստինֆո» -ն դիմել էր ՀՀ ԱԳՆ-ին՝ խնդրելով տեղեկացնել, թե արդյոք նոյեմբերի 10-ից հետո պաշտոնից ազատված նախարարները հանձնել են դիվանագիտական անձնագրերը ու ընդհանրապես նոյեմբերի 10-ից հետո քանի նախկին պաշտոնյա է հանձնել իր դիվանագիտական անձնագիրը։ Բայց ՀՀ ԱԳՆ-ն խուսափել է այս հարցին պատասխանելուց, ինչից կարող ենք եզրակացնել, որ պարզապես ոչ ոք անձնագիր չի վերադարձրել, ինչի համար էլ ԱԳՆ-ն, խախտելով օրենքը, հարցին չի պատասխանել։

Փոխարենը նշել է, թե «Անկախ դիվանագիտական անձնագրերի ֆիզիկական վերադարձի հանգամանքից՝ ԱԳՆ աշխատակիցների կամ դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող պետական այլ պաշտոնյաների պետական ծառայության առնչվող գործունեության դադարումից հետո, վերջիններիս եւ նրանց ընտանիքի անդամների դիվանագիտական անձնագրերի վավերականության ժամկետը կասեցվում է, այդ մասին տեղեկացվում են նաեւ իրավասու պետական մարմիններ։ Նույնը վերաբերում է նաեւ պաշտոնաթող նախարարներին»։ Իսկ թե ԱԳՆ-ն իր նախաձեռնությամբ քանի դիվանագիտական անձնագրի ժամկետ է կասեցրել՝ նույնպես չեն մանրամասնել՝ նախընտրելով շրջանցել թվային տվյալների տրամադրումը։

Հաջորդ հարցով ԱԳՆ-ից խնդրել էինք տեղեկացնել, թե Փաշինյանի իշխանության օրոք քանի անձի է տրամադրվել դիվանագիտական անձնագիր։ «2018 թվականի մայիսից մինչեւ օրս ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, ղեկավարելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, տրամադրվել է 893 դիվանագիտական անձնագիր, ինչն իր մեջ ներառում է նաեւ ՀՀ դիվանագետների՝ նշված ժամանակահատվածում դիվանագիտական անձնագրերի ժամկետն ավարտելուց հետո վերաթողարկված անձնագրերի քանակը»,- հայտնել են ԱԳՆ-ից՝ նշելով, որ այս պահին 1123 անձ ունի գործող դիվանագիտական անձնագիր։

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ 2018թ․ մայիսից մինչ 2020 թվականի սեպտեմբերի 4-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր։ Ստացվում է, որ միայն 110 դիվանագիտական անձնագիրը  տրամադրվել է վերջին 2-3 ամսում։