Փաշինյանի ներկայությունը տհաճ է, ուստի իր ներկայությամբ ես հոգեհանգստի կարգ չեմ մատուցել․ Շիրակի թեմի առաջնորդ

1672

Իր ներկայությունն ինձ համար ցանկալի չէ, տհաճ է, հետևաբար իր ներկայությամբ ես հոգեհանգստի կարգ չեմ մատուցել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ հոգեհանգստի կարգ չի մատուցել Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ։

«Ես չեմ ուզել իր ներկայությամբ հոգեհանգստյան կարգ կատարել, և դա ցանկացած հոգևորականի իրավունքն է։ Հոգևորականը պարտավորված չէ որևէ տեղ որևէ կարգ մատուցել՝ որևէ մեկի ցանկությամբ»,-ասաց նա։

Շիրակի թեմի առաջնորդը նշեց, որ հոգեհանգստի կարգ, այնուամենայնիվ, մատուցվել է․ «Մատուցել է այն հոգևորականը, ում համար տհաճ չէ վարչապետի ներկայությունը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում էր՝ հարգանքի տուրք մատուցելու 1988-ի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։