Երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու․ Գագիկ Սուրենյանը պարզաբանում է

163

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1988 թվականի դեկտեմբերի 7-ին շատ տաք է եղել, Երևանում օդի ջերմաստիճանը հասել է +13…+15, Գյումրիում մոտ +8…+10 աստիճանի:

Այս հանգամանքով է պայմանավորված այն մտավախությունը, որ երբ ձմռանը օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է, մարդիկ մտածում են, որ երկրաշարժ է լինելու: Սակայն գիտական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մթնոլորտային երևույթները կապ չունեն երկրաբանական երևույթների հետ, դա պարզապես համընկել է:

1988թ.-ից հետո դեկտեմբերին շատ ավելի էական տաքացումներ են եղել, սակայն երկրաշարժ չի արձանագրվել»:

Հիշեցնենք, որ 1988 թվականի այս օրը՝ դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանում խոշոր երկրաշարժ գրանցվեց։

Երկրի շուրջ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ, Սպիտակի երկրաշարժը: