Ալիևը կպահանջի հայ գեներալներին կալանավորել, հանձնել Բաքվին՝ Փաշինյանի այդ ստորագրությունից հետո. Սերոբ Գասպարյան

219

Արցախի հերոս, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ Գասպարյանն ահազանգում է՝ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ստորագրելու է մի փաստաթուղթ, որով հետագայում հայերին զրկելու է երբևէ Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական հողերը հետ գրավելու և հողային պահանջ ներկայացնելու հնարավորությունից և իրավունքից։

«Դեռևս դեկտեմբերի 25-ին եմ խոսել ստորագրվելիք այս վտանգավոր ակտի մասին։ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է մի փաստաթուղթ, որով մենք այլևս երբեք հողային պահանջ չենք կարող ունենալ՝ ո՛չ Արևմտյան Հայաստանի հետ կապված, ո՛չ Արցախի։ Փաշինյանը ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանի տարածքները՝ ներառյալ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սերոբ Գասպարյանը՝ հարց ուղղելով Փաշինյանին.

«Բա եթե դու գիտեիր, թե Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, այդ դեպքում հարց՝ ինչո՞ւ ինձ ու ինձ նման տղաներին ուղարկեցիր Ադրբեջան կռվելու՝ տալով Ալիևին հնարավորություն, որ Ալիևը պահանջի բոլոր հրամանատարներին ձերբակալել՝ որպես իր սահմանը խախտողների։ Ալիևն այդ ստորագրությունից հետո կպահանջի ձերբակալել և Բաքվին հանձնել հայ գեներալներին ու ինձ նման կռվող տղաներին։ Ալիևը կպահանջի կալանավորել մեր գեներալներին, որովհետև մինչև այսօր ինչ էլ պահանջել է, որևէ բան չեն հակադարձել»։

Նրա փոխանցմամբ՝ Ալիևն այդպես վարվելու մեկնարկն արդեն տվել է՝ դիվերսանտ ներկայացնելով նոյեմբերի 10-ից հետո Խծաբերդից գերի ընկած 62 զինվորի։

Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նամակ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ հայտնելով, որ նոյեմբերի 10-ից հետո գերի ընկած հայ զինվորները դիվերսանտներ են։

Գասպարյանը վստահեցնում է՝ թեև ընդդիմադիր գործիչները պահանջում են իշխանությունից բացահայտել, թե ի՞նչ օրակարգով է Փաշինյանը գնում Մոսկվա, սակայն իր համար ակնհայտ է, որ Փաշինյանը որևէ պատասխան չի տալու, որևէ բան չի ասելու այդ օրակարգի մասին։

«Չի ասի ու չի ասելու, որովհետև ցայտնոտի մեջ է, նա չի հասկանում՝ ինչ է անում, նա չի մտածում իր ստորագրածի հետևանքների մասին»,- ասաց Գասպարյանը՝ վստահեցնելով, որ Փաշինյանին եթե չկանգնեցնեն, նա գնալու է մինչև վերջ, իսկ այդ մինչև վերջ ասվածը Հայաստանի ստրկացումն ու հանձնումն է, ուստի օր առաջ պետք է նախևառաջ մտածել բանակը ոչ թե կազմաքանդելու, այլ բանակն արագ վերազինելու մասին, քանի որ Ադրբեջանը պատրաստվում է հերթական պատերազմին։

«Ես չէի պատկերացնի, որ Վաղարշակ Հարությունյանը կարող է գալ ու մտնել այս լծի տակ ու էսպես բարձիթողի վիճակում թողնել բանակը։ Հայաստանում որևէ պետական կառույց չի աշխատում։ Ազգային անվտանգության խնդիր է առաջացել, ադրբեջանցին մտնում է Կապան, հարց եմ տալիս՝ որտեղ է Կապանի ազգային այնվտանգությունը, չկա։ Կրկնում եմ՝ հիմա արագ պետք է կազմավորեն բանակը, փոխարենը՝ կրճատում են պայմանագրայինների քանակը։ Այսօր զինվորի անվտանգության երաշխավոր չկա։ Այսօր բողոքի ակցիա անող ծնողները չունեն անվտանգության երաշխավոր, որ իրենց զավակը բանակից կվերադառնա, բայց այդ ծնողները նաև ասում են՝ կեցցե Նիկոլ Փաշինյանը, ինչն ինձ համար անհասկանալի է։ Ո՞վ է մեղավորը, որ ծնողները դրան են գնում, պատասխանը մեկն է՝ իշխանությունը։ Երբ ծնողներն ասում են, որ իրենց որդուն քաղաքացիական հագուստով են տանում, դրա մասին խոսելու մեղավորությունն իշխանությանն է, բոլորը երբ այդ մասին իմանում են, դա նշանակում է, որ անվտանգություն Հայաստանում գոյություն չունի։ Այն, որ ծնողներն ասում են, թե չեն ուզում, որ իրենց որդին գնա Արցախում ծառայելու՝ հայաստանցի, արցախցի բաժանման շարունակությունն է. հիմա էլ նոր տեսք է այդ թեզը ստացել՝ երևանցին ասում է, թե չի ուզում գնա Կապանում ծառայի։ Այս թեզերը գալիս են Նիկոլ Փաշինյանից»,- ասաց նա։