Ի՞նչ կապ ունի Արարատի համայնքապետը տարիներ առաջ կատարված ինքնասպանության հետ

196

168.am-ը հունիսի 13-ին անդրադարձել էր Նիկոլ Փաշինյանի

Արարատ այցին, տեղեկացրել, որ այդ այցի ընթացքում բերման ենթարկված տասնյակ քաղաքացիներից մեկը Գայանե Հովհանյանն է:

Գայանե Գյանջիրովի Հովհանյանը 2013 թվականից պայքարում է որպես տուժողի իրավահաջորդ, որպեսզի պարզի հոր մահվան հանգամանքները: Նախաքննական մարմինն ի սկզբանե առաջ է քաշել ինքնասպանության վարկածը, երբ 2013թ. հունիսի 26-ին Արարատից 3 կմ հեռու հայտնաբերվել է Գյանջիրով Հովհանյանի դին` բռնության հետքերով:

Նախորդ հրապարակմամբ հիշեցրել էինք նաև, որ 2016թ. սեպտեմբերին խորհրդարանում Արթուր Դավթյանին ՀՀ գլխավոր դատախազ նշանակելու հարցի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հանդես էր եկել ելույթով, որտեղ ի թիվս այլ հարցերի՝ խոսել էր Արարատի մարզի բնակիչ Գյանջիրով Հովհանյանի մահվան հանգամանքների մասին:

«…Կարելի է ենթադրել, որ դատախազական պաշտոնը նման կոռուպցիոն եղանակներով փողեր աշխատելու լավ մեխանիզմ է, մինչդեռ Քննչական ծառայության վարույթում է գտնվում Արարատի մարզի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործը, ում 2013 թվականին գտել են կախված վիճակով:

Նախորդ օրերին իր գործատուներն էս մարդուն բացահայտ կերպով ծեծել են, նվաստացրել են, հաջորդ օրը էդ մարդուն գտել են կախված, ու մինչև հիմա ոչ մի մարդ այս գործով քրեական պատասխանատվության չի ենթարկվել: Չնայած էդ քրեական գործի նյութերում քննիչը գրում է՝ ծեծեցին, էս արին, հետևից ընկան, փախավ, պախկվեց…, ու ոչ մի քրեական պատասխանատվության ենթարկված մարդ:

Հիմա, եթե այս մարդու հարազատները մտնեն, օրինակ, Արարատի մարզի քննչական ծառայության շենքը գրավեն ավտոմատներով, պետք է ասեք՝ ահաբեկչություն է, չէ՞: Եթե նույնիսկ համարենք, որ կարող է լինել այդպիսի մեկնաբանություն, սա ահաբեկչություն կարող է լինել՝ ընդդեմ ահաբեկչության, որովհետև մարդիկ ելք են ուզում տեսնել. ինչքա՞ն կարող են»,- 2016թ. իր ելույթում նշել էր Նիկոլ Փաշինյանը:

Այս ելույթն ու Փաշինյանի Արարատ այցը, այդ այցի ընթացքում Գյանջիրով Հովհանյանի դստեր բերման ենթարկելու տեղեկությունը միայն առաջին հայացքից կարող են խառնաշփոթ առաջացնել, սակայն ամեն բան պարզ է դառնում, երբ տեղեկանում ենք, որ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի կողմից հանցավոր արարքների մեջ մեղադրվող «գործատուները» ոչ ավել, ոչ պակաս՝ 2021թ. հենց նրա ձեռամբ Արարատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնը ստանձնած Ասլան Ավետիսյանն է և նրա որդիները: