ՀՀ նախագահը կկրկնի՞ 1997 թվականի սցենարը

783

Հունվարի 5-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի տեղեկատվության վարչությունը հայտնել էր, որ Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել:

«Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։ Նախագահ Սարգսյանն իր գործունեությունը ժամանակավորապես շարունակելու է հեռավար»,- նշված էր հաղորդագրության մեջ։

Նախագահի կորոնավիրուսով վարակվելու լուրից հետո տարբեր կարծիքներ շրջանառվեցին, համաձայն որոնց՝ Արմեն Սարգսյանն այսկերպ պարզապես չի ցանկանում մասնակից լինել հունվարի 11-ին սպասվող այն դավաճանական քայլին, որին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Ադրբեջանի հետ կնքելով նոր համաձայնագիր։

Որոշ կարծիքների համաձայն էլ՝ Արմեն Սարգսյանը կրկնում է 1997 թվականի դեպքը, երբ բուժվելու նպատակով մեկնեց Լոնդոն և մեկ ամիս անց հրաժարական ներկայացրեց։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է մի քանի ամիս՝ 1996 թվականի նոյեմբերի 6-ից՝ մինչև 1997 թվականի մարտի 7-ը։

Այսօր կարո՞ղ է կրկնվել 1997 թվականի սցենարը, և կրկին Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացնի։

168.am-ի հետ զրույցում կովկասագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասաց, որ այդ սցենարի կրկնությունն այսօր այդքան էլ իրատեսական չէ։

«Ինքս այսօր նման նախադրյալներ չեմ տեսնում, չեմ կարծում, որ նախագահի հրաժարական տալու հավանականությունը մեծ է։ Իհարկե, բացառել էլ չեմ կարող, քանի որ նախապես որևէ մեկի գործողությունները գնահատել չեմ կարող, այդուհանդերձ, այս պահին նման ակնկալիքներ չպետք է ունենալ։

ՀՀ նախագահը, որքան հնարավոր է, փորձում է չհակադրվել կառավարության գործողություններին, բայց կարծում եմ՝ բոլոր հարցերը, որոնք վերաբերում են ՀՀ տարածքային ամբողջականությանը, վերաբերում են Արմեն Սարգսյանին։ Այստեղ նախագահը կարող է որոշակի դերակատարություն ունենալ, բայց թե կոնկրետ ինչպես՝ չեմ կարող ասել, իրավական շրջանակներում մասնագետները կարող են խոսել»,- ասաց քաղաքագետը։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նույնպես իրատեսական չի համարում, որ Արմեն Սարգսյանը կարող է 1997 թվականի սցենարը կրկնել նաև այսօր, քանի որ այն ժամանակ և այսօր իրադարձություններն ու իրողությունները բոլորովին տարբեր են։

«1997 թվականի ու այսօրվա իրադարձություններն առհասարակ միմյանց հետ որևէ առնչություն չունեն, բայց սա չի նշանակում, որ նախագահն առհասարակ հրաժարական չի տա։ 1997 թվականին Արմեն Սարգսյանը նախագահ չէր, այսօր նա բոլորովին կախյալ մարդ է, որին ամեն վայրկյան կարող են հանել ու նշանակել  այլ խաղացողի։ Նրան նախագահ են նշանակել, ու հրաժարականի այլ պայմաններ կան, 1997 թվականին նրան հեռացրեցին, որովհետև ինչ-որ խնդիրներ կային, իսկ հիմա իրեն հանելու ու խնդիրներ լուծելու հարց չկա։ Իհարկե, 1997 թվականին էլ կար քաղաքական կառավարման ճգնաժամ, որն այսօր էլ կա, բայց այն ժամանակ նա վարչապետի պաշտոնից ազատվեց, որովհետև ներսում ու դրսում դրա պահանջողները կային։ Այս պահին Հայաստանում չկա արտաքին շահագրգռվածություն, որ Արմեն Սարգսյանը հեռանա, քանի որ նա որևէ ազդեցություն որևէ գործընթացի վրա չունի, նա Անգլիայի թագուհու կարգավիճակն ունի»,- նշեց Արմեն Բադալյանը։

Նա նաև ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի գործառույթներից մեկը Հայաստանը դեպի Արևմուտք շրջելու կապն ամուր պահելն է, որն այդ գործառույթը զգույշ ու հանգիստ իրականացնում է։

«Սակայն այս պահին այդ գործընթացը կանգնած է, քանի որ Արցախում ու Հայաստանում մեծացել է ռուսական ազդեցությունը, բայց այդուհանդերձ, նա իր նպատակները, որոնց համար նշանակվել է դրսի ուժերի կողմից, փորձում է իրականացնել»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։