Ալեն Սիմոնյանի երազը

870

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Ինքն իջնում է լիմուզինից և կարմիր գորգի վրայով քայլելով մտնում «Բևեռլի-Հիլթոն» հյուրանոց՝ ստանալու «Գրեմմի» մրցանակը՝ որպես տարվա լավագույն փոփ-երգիչ: Շուրջբոլորը ծանոթ դեմքեր են՝ ԱԺ պատգամավորներ, օլիգարխներ, ԱԱԾ պետ և նույնիսկ «I am not alone» ֆիլմի գլխավոր հերոս Նիկոլ Փաշինյանը: Մտածում է՝ էս ինչ դեմք են հայերը, նույնիսկ «Գրեմմին» են իրենցով արել:

Մտնում է ներս և փորձում վերելակը կանչել: Հետևից լսում է ծանոթ ձայն. «Ինչպես չդարձար դերասան, այնպես էլ երգիչ չես դառնա»: Շրջվում է, տեսնում է անկյունում նստած Լևոն Քոչարյանը Սիրուշոյի հետ պիցցա է ուտում: «Հասկանում եմ՝ նեղված ու հուզված ես, որ «Գրեմմի» չեք ստանա: Բայց հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում, քանզի միայն կույրը չի կարող տեսնել իմ տաղանդը, և միայն կատարյալ հիմարը կարող է չհասկանալ, որ կարող է մնալ ծանրաձողի տակ»:

Արդեն դահլիճում իրեն է մոտենում միջոցառման կազմակերպիչներից մեկը. «Պարո՛ն Սիմոնյան, դուք այսօր պետք է երգեք ռուսաստանցի երգիչ Վալերի Մելաձեի հետ»: «Ոչ մի դեպքում, ոչ մի դուետ: Եթե այդպես է՝ ուրեմն տրիո: Հրավիրեք ևս մեկ արևմտյան կատարողի: Ես չեմ կարող հաշվի չառնել Հայաստանի հավասարակշռված շահը», – ասում է ինքը:

Զարթնում է, երբ «Փարավոն» ռեստորանից ոտքերը առաջ դուրս են հանում: Օպերացիան գլխավորում է ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը, նույն ինքը՝ Գագոյի Էդոն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է: