Ալիեւը հայտարարել է Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք ձեւավորելու մասին

909

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ տրանսպորտային միջանցք է ձեւավորվում ու նշել, թե առաջնային ցուցումները տրված են:

«Զուգահեռաբար մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջան- Հայաստան -Թուրքիա միջանցքի ձևավորմանը, տրվել են առաջնային ցուցումներ։ Մոտակա օրերին մենք կսկսենք երկաթուղու շինարարությունը Հորադիզից մինչև Զանգելան, մինչև Հայաստանի հետ սահմանը։ Արդեն պատրաստվում է տեխնիկ-տնտեսական հիմքը, կարճ ժամանակում ճանապարհ է հարթվել Հորադիզից Զանգիլան, ես ինքս եմ երթեւեկել այդ ճանապարհով, շատ հարմար է, կարելի է անցնել մեծ արագությամբ», – հայտարարել է Ալիեւը պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի գլխավորած թուրքական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով՝ «երկաթուղու շինարարությունը կտեւի առավելագույնը երկու տարի»։

«Բայց մեր միտքն այն է, որ չսպասենք այդ ժամկետներին, փոխադրումները կարող են իրականացվել մինչև Հորադիզը երկաթուղով, հետո խոշոր տրամաչափի մեքենաների օգնությամբ։ Սա շատ կարևոր հարց է օրակարգում։ Կարծում եմ եւ վստահ եմ, որ մենք կարող ենք առաջնային բեռներ ուղարկել Ադրբեջանի, Հայաստանի եւ Նախիջեւանի տարածքով Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ ընդունել դրանք։ Այսպիսով, կիրականացվի Նախիջեւանի միջանցքի բացումը, ինչը նոյեմբերի 10 – ին ստորագրված եռակողմ հայտարարության կարեւոր մասն է», – ասել Է Ալիեւը: