Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ. Վազգեն Մանուկյան

1240

1988-ին հենց Ազատության հրապարակից է սկսվել անկախության շարժումն ու Արցախի ազատության համար համազգային պայքարը

Ընդդիմության այսօրվա հանրահավաքում, ինչպես և խոստացվել էր, ծրագրային ելույթով հանդես եկավ ընդդիմության միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը:

«Շատ հատկանշական է, որ մենք այսօր հավաքված ենք այն հրապարակում, որտեղ 1988-ին մեր ժողովուրդը երդվեց, որ կկառուցի անկախ պետություն, ձեռք կմեկնի մեր Արցախի եղբայրներին ու քույրերին` խոստանալով նրանց անվտանգությունը ու նրանց միավորումը Արցախի հետ։

Այդ խնդիրների զգալի մասը կատարվեց։ Մենք պետություն կառուցեցինք, մենք հաղթեցինք պատերազմում, Հայաստանի ու Արցախի բանակը համարվում էին ամենահզորը տարածաշրջանում։ Հիմա մենք հավաքվել ենք նույն հրապարակում 30 տարի անց` վիրավորված արժանապատվությամբ, մարդկային ու տարածքային հսկայական կորուստներով, և այն ամենը, ինչ արել էինք Արցախի համար, գրեթե կորած։ Բայց վտանգված է նաև Հայաստանը՝ երբ որ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանները»,- ասաց նա: