«Ճանապարհի կեսին նոր իրենց տեղեկացրել են, որ Շուշի են գնում». Արցախում զոհված ոստիկանի այրի

1324

«Ինքը բացառիկ մարդ էր, կյանքով լի, շատ ուրախ, կյանքը վայելում էր, սիրում էր կյանքը, խնդիրներն իր համար ոչ մի բան էին»,- Արցախում զոհված 42-ամյա Խաչիկ Վահանի Կարապետյանին այսպես բնութագրեց նրա կինը՝ Ռիտա Պողոսյանը:

«Մենք 2002 թվականից ամուսնացած ենք` արդեն 18 տարի, ունենք 2 երեխա՝ 17 տարեկան աղջիկ, 13 տարեկան տղա: Խաչիկը ոստիկան էր, 20 տարի ծառայել է ոստիկանությունում: Ամսի 27-ին հենց իրենից իմացա, որ պատերազմ է սկսվել, եկավ, շորերը փոխեց ու գնաց: Ինքը վախով չգնաց, ես վատ էի տրամադրված, բայց ինքն ուրախ-ուրախ գնաց»,- պատմեց Խաչիկի այրին:

Ռիտան նշեց, որ մինչև Արցախ մեկնելն ամուսնուն տեղափոխել էին Վանաձոր, ինքն էլ հարազատների և ամուսնու ընկերների հետ գնացել էր Վանաձոր և հանդիպել ամուսնուն.

«Վանաձորի զորամասում էին մնում սկզբի օրերին, սեպտեմբերի 30-ին գնացինք, տեսանք: Էլի շատ ուրախ էր, ասում էր՝ ամեն ինչ նորմալ է, գիտեր, որ գնալու ենք իր մոտ, շատ ուրախացավ…»:

Ռիտան պատմեց, որ թե՛ ամուսինը, թե՛ ծառայակից ոստիկանները չեն իմացել, որ Արցախ են գնալու, միայն վերջին պահին են նրանց հայտնել այդ մասին.

«Ոստիկանությունում իրենց ասել էին, թե պետք է հայկական սահմանները պահեին, հետո հոկտեմբերի 3-ին վայբերով գրեց, որ տանում են Արցախ, ու էլի չէին ասել, թե կոնկրետ ուր: Ճանապարհի կեսին նոր իրենց տեղեկացրել են, որ Շուշի են գնում: Ընդամենը մի բառ էր գրում վայբերով ու վերջ, ասել էր, որ հանկարծ հեռախոսով չխոսեմ, տեղանքների անուններ չասեմ, ընդամենը մի բառ էր գում, այդպես իմանում էի: Հոկտեմբերի 4-ի առավոտյան զանգեց, խոսեցինք, ու դրանից ժամեր հետո դեպքը եղել է: Վերջին խոսակցության ժամանակ էլի ուրախ էր, ինքը վախկոտ մարդ չէր, շատ համարձակ էր…»:

Ռիտան հիշում է, որ ամուսինը կյանքը երբեք չէր պլանավորում, ապրում էր այնպես, ինչպես այդ պահին սիրտն էր թելադրում.

«Ինքն այդ օրվա կյանքով ապրող մարդ էր, պլաններ երբեք չէր կազմում, ինչ որ ուզում էր այդ րոպեին՝ անում էր, խենթ բնավորություն ուներ: Ոչ մի բան երբեք չի պլանավորել, ապրել է՝ ինչպես ուզել է, լավ է ապրել՝ իր ուզած ձևով»:

Ռիտան աշխատանքի է եղել, երբ լուրը ստացել են.

«Ես այդ օրն աշխատանքի էի, երեկոյան տուն եկա, տեսա՝ բոլորը հավաքված էին, հասկացա, չնայած, որ դեռ պաշտոնական տեղեկություն չէին հայտնել… Ամուսնուս հայրն էլ 90-ականների պատերազմի մասնակից էր, վիրավոր է եղել, 1 տարի առաջ է մահացել»:

Խաչիկ Կարապետյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ին՝ ընտանեկան գերեզմանատանը:Նյութի աղբյուր՝ https://168.am/2020/12/05/1421397.html