Մայրը սառնամանիքին իր 8-ամյա դստերը կիսամերկ վիճակում դուրս է հանել տնից

1411

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի բնակչուհին պատժել է իր 8-ամյա դստերը` սառնամանիքին նրան դուրս հանելով տնից՝ հագին միայն ներքնազգեստ: Այս մասին հայտնում է EurAsia Daily-ն, նշելով, որ ընտանիքը հայտնվել է անչափահասների հարցերով զբաղվող իրավապահների ուշադրության կենտրոնում:

Նուր-Սուլթանն աշխարհի ամենացուրտ մայրաքաղաքների ցանկում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորին: Այս շաբաթ, ըստ եղանակային կանխատեսումների, քաղաքում սպասվում է -13-ից -26 աստիճան ցուրտ: Մոտավորապես այս եղանակային պայմաններում է 35-ամյա մայրն իր գրեթե մերկ նիհարիկ դստերը դուրս հանել փողոց: Աղջկա լուսանկարները տարածվել են Կազնետում (տեղեկատվական տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների մի շարք, որոնք ապահովում են ինտերնետ հասանելիություն, ինչպես նաև էլեկտրոնային ռեսուրսների հոսթինգ Ղազախստանի տարածքում, -Tert.am) և առաջացրել հասարակության վրդովմունքը:

Բացի այդ՝ հարևանությամբ ապրող մի կին ասել է, որ վեց տարեկան տղան էլ ծեծի է ենթարկվել մոր կողմից, իսկ ութ տարեկան աղջիկը բազմիցս ստիպված է եղել քնել միջանցքի հատակին և ցրտահարվել: Ոստիկանությունն այս առնչությամբ ստուգումներ է անցկացրել:

«35-ամյա կինն իր խոսքում նշել է, որ ինքը նման կերպ ցանկացել է պատժել երեխաներին, քանի որ նրանք հարևաններից առանց թույլտվության հագուստի ամրակներ են վերցրել՝ խաղալու նպատակով: Ընտանիքը հաշվառվել է ոստիկանության կողմից: Այս պահին իրավիճակը և բոլոր հանգամանքները համապարփակ կերպով ուսումնասիրվում են ոստիկանության աշխատակիցների և կրթության վարչության խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից ՝ օրինական ներկայացուցիչների վերաբերյալ օբյեկտիվ որոշում կայացնելու համար», — տեղեկացրել են ոստիկանությունից: