1000 դրամի փոխարեն կվճարեն մինչև 15000 դրամ. փոփոխություն «1000 դրամի» հիմնադրամում (video)

1100

Կառավարությունը փոփոխություն է կատարում դրոշմանիշային վճարների հետ կապված որոշման մեջ՝ նկատի ունենալով այն, որ գործող կարգավորումներով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցները բավարար չեն լինելու մարտական գործողություններին մասնակցած անձանց ամբողջ ծավալով հատուցում տալու համար։ Այդ մասին կառավարության նիստում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ այս փոփոխությունը կարող ենք համարել կիսապրոգրեսիվ:

«Կախված անձի եկամուտներից՝ դրոշմանիշային վճարի չափը փոխվում է։ Մինչև 100 հազար դրամ եկամտի դեպքում սահմանվում է 1500 դրամ, 100 հազարից մինչև 200 հազարի դեպքում՝ 3000 դրամ։ Եվ այդպես սանդղակով հասնում ենք մինչև 15 հազար դրամի, որը կվճարեն նրանք, ում եկամուտը, օրինակ, 1 մլն դրամը գերազանցում է։ Այս ամենն արվում է նրա համար, որ մեր բոլոր հայրենակիցները, ովքեր ռազմական գործողություններին մասնակցություն են ունեցել, և վրա է հասել հատուցման դեպքը, պետությունը հնարավորություն ունենա հատուցելու, այդ թվում՝ կամավորականներին»,- ասաց նա։

Նախագիծն ընդգրկվել է Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում: