«Մամ, էս է սրանց հրադադարը. ու էդ պահին ես արկի բարձր ձայն լսեցի, ասաց՝ վա՛յ, մա՛մ… ու հեռախոսն անհասանելի դարձավ». 20-ամյա շիրակցի հերոսի մոր պատմությունը

1112

Արթուր Արամայիսի Միրզոյանը պարտադիր ժամկետային զինծառայող էր, ծառայում էր Մատաղիսում, հունվարին զորացրվելու էր: Արթուր Միրզոյանը ծնվել է Շիրակի մարզի Աշոցք համայնքում: Ընտանիքի կրտսեր որդին էր (ունի մեկ եղբայր, ով սպա է և դեռևս Արցախում է):

20-ամյա շիրակցի հերոսը զոհվել է մարտական ընկերոջ կյանքը փրկելու ժամանակ, հոկտեմբերի 26-ին:

«Արթուրը կենսուրախ էր, դուխով, չէր խուսափում դժվարություններից, մինչև վերջ կռվող էր, մինչև վերջ պատրաստ էր, եթե պետք լիներ, կռվել, եթե պետք լիներ, ընկերոջ կյանքը փրկել… ինքը ամեն ինչի էր պատրաստ հանուն հայրենիքի, հանուն ընկերոջ: Եթե մի բան մտքին դներ, ապա նրան ոչինչ չէր կարող հետ պահել:

Արթուրը բարձրահասակ էր, և իրեն առաջարկել էին ծառայությունն իրականացնել Երևանում, որպես պատվո պահակ, բայց ինքը հրաժարվեց և ասաց, որ Արցախում պիտի ծառայի: Ստեփանակերտում էր անցել ծառայության, 6 ամիս Ստեփանակերտում ծառայելուց հետո Արթուրին տեղափոխեցին Մատաղիս:

Պատերազմի օրերին Մատաղիսում է եղել, մասնակցել թեժ մարտերին: Արթուրը կարողացել է 30 հոգանոց ջոկատը դուրս հանել շրջափակումից, և այդ պատճառով իրեն լեյտենանտի կոչում են տվել, և իր մարտական գիտելիքների շնորհիվ կարողացել է ղեկավարել այդ ջոկատը:

Ինքն ուներ հնարավորություն՝ ծառայելու անվտանգ վայրում, բայց նա նախընտրեց Մատաղիսը:

Ծառայակից ընկերները շատ են պատմում Արթուրի մասին, թե ինչեր է արել ծառայության ժամանակ. ճիշտն ասած՝ դա ինձ չէր զարմացնում, որովհետև ես լավ եմ ճանաչում իմ տղային»,— ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է շիրակցի հերոսի մայրը՝ Էթերի Կարապետյանը:

Տիկին Էթերին հերոս որդուն նկարագրելիս ասում է՝ շատ աշխույժ էր, կյանքով լի, սիրում էր կյանքը: Տարբերվող էր. տարբերվում էր թե՛ դասարանում, թե՛ իր հասակակիցների մեջ: Հումորով էր, ուժեղ, ընկերասեր, խիստ:

«Ինքը բոլորի հետ կարողանում էր լեզու գտնել՝ անկախ տարիքից… ազնիվ մարդ էր, մեծ հավատ ուներ առ Աստված։

Սիրում էր կյանքը իր ամեն ինչով, շատ խելացի էր, արագ կողմնորոշվող, մտքերն էլ բավականին սուր էին, կարդալ էր սիրում, շատ նպատակներ ուներ, երբեմն նաև պատմում էր դրանց մասին:

Ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետն էր ընդունվել և նպատակ էր դրել առաջ գնալու, մի քանի բան նպատակադրել էր, որոշել էր, որ պիտի զբաղվի ֆերմերությամբ: Նպատակ ուներ Անգլիայում սովորելու. ինքը դեռևս փոքրուց էր բազմակողմանի զարգացած, իրեն միանգամից մի քանի բան կարող էր հետաքրքրել»,- պատմում է Արթուրի մայրը:

Արթուրի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 26-ի առավոտյան, մայրն ասում է՝ օրվա ընթացքում ամեն պահի որդու հետ կապ են ունեցել.

«Հրադադարի օրն էր, զանգահարեց ասաց՝ մամ, էս է սրանց հրադադարը, ու էդ պահին ես արկի բարձր ձայն լսեցի, ասաց՝ վա՛յ, մա՛մ… ու էդ պահից հեռախոսն անհասանելի դարձավ:

Զինծառայակից ընկերները պատմում են, որ կռվի թեժ պահերին հումորներ է արել:

Ծառայակից ընկերոջն ասել է՝ գյադա ինձ 5000 դրամ պարտք ես, չմեռնես, որ պարտքս տաս. հրամանատարն ասել է՝ էդ տղային ասեք սուս մնա, թողնի կենտրոնանանք կռիվ անենք»,- պատմում է տիկին Էթերին:

Շիրակցի հերոսի մոր խոսքերով՝ հերոսի մայր լինելը հպարտություն է, իսկ վիշտը միայն իրենով չէ.

«Հազարավոր մայրեր ինձ նման սգում են իրենց երեխայի մահը, հպարտությունից բացի ոչինչ չես զգում: Անհաղթահարելի ցավ է կարոտը, որ հնարավոր չէ սփոփել: Երբ իմ տղայի դեպքը եղավ, մինչև իրիկուն իմ տղայի մարմինը Աշոցքում էր, և մենք նրան ամբողջությամբ ենք հանձնել հողին: Որ իմ վիշտը համեմատեմ մյուս ծնողների վշտի հետ, որ իրենց երեխաներին չեն գտել կամ մարմնի փոխարեն մոխիր են տվել, կամ գերի են ընկել, մի քիչ հանգստություն ես զգում, որ քո որդուն տեսել ես և հանձնել ես հողին»:

Անահիտ Չալիկյան