Արթուր Վանեցյանի բջջայինում լրտեսական ծրագիրը հայտնաբերել են սեպտեմբերին

20

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը նախօրեին Apple ընկերությունից նամակ է ստացել, թե հարձակում է իրականացվել Pegasus ծրագրով։ Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, դեռևս սեպտեմբերին էր պարզել, որ բջջայինում գործել է գաղտնալսող այդ ծրագիրը։

«Դեռևս սեպտեմբեր-հոկտեմբեր ամսին միջազգային որակավարում ունեցող տեղեկատվության անվտանգության մասնագետներն իրականացրել են իմ հեռախոսի զննում, որի արդյունքում հայտնաբերել են անհերքելի փաստեր, որ իմ հեռախոսի մեջ տեղադրված է տխրահռչակ Pegasus ծրագիրը, բայց քանի դեռ մենք չունեինք հաստատում Apple ընկերությունից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ընկերություններից, չուզեցի այդ մասին բարձրաձայնել, երեկ, երբ ստացա նամակը, որոշեցի բարձրաձայնել այդ մասին և հանրայնացնել տեղեկությունները, որ մեզ հասու էր դեռ սեպտեմբերին»։

Վանեցյանը նշեց, որ Pegasus-ը վնասակար է և անթույլատրելի։ Գաղտնալսում իրականացնելը պետության մենաշնորհն է, և եթե կան համապատասխան հիմքեր, դատարանի որոշման հիման վրա, պետությունը իրավունք ունի գաղտնալսել անձին։

Վանեցյանը տեղեկացրեց, որ Pegasus ծրագիրը չի հանդիսանում ՀՀ հատուկ ծառայությունների ամբողջական հսկողության ներքո գտնվող ծրագիր։ NSO Group ընկերությունը այդ ծրագիրը ոչ թե վաճառում է երկրների հատուկ ծառայություններին, որպեսզի իրականացնեն իրենց գործառույթները, այլ ընկերությունը որոշակի գումարի դիմաց՝ 7 միլիոնից 10 միլիոնի շրջանակներում բաժանորդագրվում են ծրագրին։

«Պատվիրատուն ասում է՝ խնդրում ենք մեր երկրում հսկողության տակ վերցրեք այս անձանց և հնարավորություն են տալիս այդ ընկերությանը առանց խոչընդոտելու նրանց մուտքը բջջային օպերատորների համակարգ, մուտք գործել և վարակել ցանկացած հեռախոս»։