«Շարժման մեջ եմ, շարժման հետ եմ». Դավիթ Ամալյանը՝ «Ազատագրական շարժման» մասին

12

«5165 շարժումը», «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, մի շարք քաղաքական գործիչներ և քաղաքացիներ սկսել են «Ազատագրական շարժում» խորագրով բողոքի ակցիաներ իրականացնել: Ակցիան սկսվեց Սյունիքի մարզից և շարունակվում է Երևանում: Ակցիաների ժամանակ բազմիցս հայտարարվել էր, որ վայր են դրվում կուսակցական դրոշները:

Իրավաբան.net-ը զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, կոմպոզիտոր Դավիթ Ամալյանի հետ: Նա հայտնեց, որ աջակցում է շարժմանն ու միացել է կառավարությանը ներկայացվող պահանջին։

«Շարժման մեջ եմ, շարժման հետ եմ, ուղղակի դադարեցրել եմ միտինգային գործունեությունս: Չեմ կարող ասել՝ քաղաքացիներն ինձ ինչ կերպ կտեսնեն շարժման մեջ»,-նշեց նա:

Նա նշեց, որ զբաղված է Նոր տարվա համերգային ծրագրով, որը կլինի Եռաբլուրում. «Իսկապես զբաղվածությունս այնպես է, որ նրանց կողքին քայլելու ժամանակ չունեմ: Հարթակ չեմ բարձրանա, բայց իրենց հետ եմ»:

Շարժման առաջնորդները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարությունից հետո, թե ՌԴ-ն սահմանազատման և սահմանագծման նախապատրաստական փուլի առաջարկ է արել, և որն ընդունելի է հայկական կողմի համար, պահանջում են հանրայնացնել սպասվելիք ստորագրվող փաստաթղթերը:

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարել էր. «Սահմանադրությամբ տրված է իրավունք՝ իրազեկվելու, թե ինչ են որոշում անել երկրի հետ։ Ցանկանում ենք լինել իրազեկված և այս պահին ուրիշ ոչինչ չենք ուզում»: