Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել. նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար

107

Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):

Այս մասին «Հայկական ժամանակին» տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից: Նաև հայտնեցին, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր այն մասին, որ Սարգսյանը հարցաքննության է կանչվել: «Քիչ առաջ ծանուցում եմ ստացել Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ Հր․ Մուշեղյանից, որ Սերժ Սարգսյանը հարցաքննության է կանչվում որպես մեղադրյալ»,- գրառման մեջ նշել էր նա։

Նշենք, որ Սերժ Սարգսյանն անցնում է նաև մեկ այլ գործով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի և Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Աղբյուրը՝ Հայկական ժամանակ