Ռուսաստանը անհանգստացած է Հայաստանի կառավարության քայլերից

128

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կիրակի օրը Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանն ուղղած միջոցառումները։ «Շարունակվել է քննարկումը տարածաշրջանի իրավիճակի և այն քայլերի շուրջ, որոնք ձեռնարկվում են այն կայունացնելու ուղղությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին ձեռք բերված համաձայնությունների համատեքստում»,— հայտարարել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի համար»,— հավելում է Կրեմլը։

Սա երկու երկրների ղեկավարների արդեն երկրորդ հեռախոսազրույցն է այս շաբաթվա ընթացքում։ Առաջինը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին անցած տարվա 44-օրյա պատերազմից ի վեր։ Հեռախոսազրույցից հետո հրադադար հաստատվեց՝ ռուսական կողմի միջնորդությամբ: Օրեր անց Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել, որոնք ընդունելի են Երևանի համար։

Ռուսական կողմի այս ակտիվացումը, մեկ շաբաթում երկրորդ հեռախոսազանգը, ամենայն հավանականությամբ, կապված են Բրյուսելում դեկտեմբերի 15-ին նախատեսված հանդիպման հետ։ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ղարաբաղի հարցի շուրջ եռակողմ հանդիպումը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի մասնակցությամբ, կայանալու է, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի կոնսենսուսը։

«Հանդիպման համար կոնսենսուս է պետք, որպեսզի բոլոր մասնակից կողմերը համաձայնեն դրան։ Ես համոզված եմ, որ նման հանդիպում տեղի կունենա»,— ասել էր Լավրովը:

Այդուհանդերձ, նույն օրն իսկ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։

Ռուսաստանը պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ամենաակտիվ ջանքերն է  գործադրել տարածաշրջանում իր ազդեցությունն ավելացնելու ուղղությամբ, և այսօր առանց ռուսական կողմի մասնակցության հանդիպում կազմակերպելն ուղիղ վտանգ է ներկայացնում Կրեմլի շահերին։
Իրականում դժվար է իմանալ, թե ինչ են քննարկել Պուտինն ու Փաշինյանը կիրակնօրյա զրույցում, սակայն հստակ է, որ մինչև բրյուսելյան հանդիպումը լուրջ զարգացումներ են լինելու թե՛ սահմաններին, թե՛ Հայաստանի ներքաղաքական կյանքում։

Միքայել Ավետիսյան