Այսօր դժվար է խոսել լիակատար անկախության մասին. այս իշխանությունը մեր երկիրը տանում է անկման, հակառակորդը օրըստօրե մխրճվում է մեր սահմանները. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

174

Այսօր դժվար է խոսել լիակատար անկախության մասին, որովհետև ինքնիշխանությունը առաջին  հերթին արտահայտվում է նրանով, որ ունես տարածք, բնակչություն, տնտեսություն և դու այդ սահմանի տերն ես։ Այս մասին այսօր Եռաբլուրում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ ենք այսօր անկախ։

«Այսօր, երբ ադրբեջանցիները գտնվում են մեր սահմաններում, շատ տեղեր սադրանքներ են կազմակերպում, իրենց լկտի են պահում, մեր տարածքներից դուրս չեն գալիս, խոսել լիակատար ինքնիշխանության մասին շատ դժվար է»,-ասաց նա և նշեց, որ ի վերջո պետք է հասկանանք՝ հայ ազգի համար դյուրին իրավիճակներ չեն եղել, միշտ էլ դժվար է եղել։

«Այս իշխանությունը մեր երկիրը օր օրի տանում է անկման, պատերազմից հետո մեր հակառակորդը օրըստօրե մխրճվում է մեր սահմանները»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված առաջարկին, Օհանյանն ասաց․ «Ես գտնում եմ, որ մենք հիմա չունենք այն պայմանները, որ կարող ենք Թուրքիայի կամ Ադրբեջանի նախագահի հետ գնալ հանդիպումների, քանի որ նրանց հետ հանդիպումների գնալու միակ նախապայմանը խաղաղությունն է, որ հակամարտող պետությունները դառնան հարևան պետություններ, մենք դեռևս հարևան պետություններ չենք»,–ասաց նա։