Գորիսի փոխքաղաքապետը հրաժարական է տվել. Հրապարակ

99

Hraparak.am-ը գրում է. Իրինա Յոլյանը շաբաթներ առաջ Գորիսի փոխքաղաքապետի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Օգոստոսի կեսերին փոխքաղաքապետերից Մենուա Հովսեփյանի հետ Յոլյանը ձերբակալվեց, սակայն չկալանավորվեց։

Ուշագրավ է, որ Յոլյանը դիմումը գրել է ազատ արձակվելուց մի քանի օր անց, խոսվում է, որ նրան սպառնացել են, նա համարվում է Առուշ Առուշանյանի թիմակիցը։ Ինքը՝ արդեն նախկին փոխքաղաքապետը մեզ հետ զրույցում ասաց, որ ազատման դիմում է գրել, քանի որ Առուշ Առուշայանի լիազոր ներկայացուցիչն է եւ ուզում է լծվել այդ աշխատանքներով․

«Ուզում եմ կաշկանդված չլինել պաշտոնով եւ Սյունիքում առկա իրական խնդիրների մասին խոսեմ ավելի ազատ եւ անկաշկանդ», ասաց նա։ Հիշեցնենք, որ Առուշանյանը հոկտեմբերի 17-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է  ներկայացրել։

Հիշեցնենք, որ օրերս գրել էինք, որ Առուշանյանի մերձավորներին տեղի իրավապահները վերցրել են խոշորացույցի տակ եւ ընտրություններին ընդառաջ փորձում են ճնշում գործադրել։ Յոլյանը հաստատեց, որ տասնյակների նկատմամբ քրեական գործեր են հարուցել՝ «ամենատարբեր հիմքերով»։