Այս երկուշաբթին աշխատանքայի՞ն կլինի․ ԿԱՐԵՎՈՐ

90

Սեպտեմբերի 12-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը, որը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել: Այսպիսով՝ սեպտեմբերի 13-ին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։

«ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքի համաձայն, մեռելոցի օրերից միայն մեկը՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օրն է՝ հունվարի 7-ը, որ ոչ աշխատանքային է։

Հավելենք, որ Խաչվերացը խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: