Աղվան Հովսեփյանի առողջական վիճակը վատ է, նա շաքարային դիաբետ ունի․ Սասուն Ռաֆաելյան

151

Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը երկար տարիներ է, ինչ շաքարային դիաբետով է հիվանդ, վիճակը այնքան վատ է, որ նրան մշտապես ինսուլին են ներարկում։ Իրավաբան․net-ի հետ զրույցում նրա փաստաբան Սասուն Ռաֆաելյանը հայտնեց, որ կալանավայրում թույլատրել են ներարկումները կատարել։

«Պարոն Հովսեփյանը ունի բազում այլ հիվանդություններ, առողջական խնդիրներ։ Կալանավորելու վերաբերյալ դատական ակտը դեռ չենք ստացել, չենք կարող ասել՝ դատարանը այս ամենը հաշվի առել է, թե ոչ»,-նշում է փաստաբանը։

Ռաֆաելյանի խոսքով՝ երեկ, երբ մեղադրանք է առաջադրվել Աղվան Հովսեփյանին, նրան առաջարկվել է ցուցմունք տալ, որից Հովսեփյանը հրաժարվել է։

«Հրաժարվել ենք, քանի որ որևէ էական նշանակություն այդ ցուցմունքը չէր կարող ունենալ և ընդամենը ձևականություն էր։  Երկար ժամանակ է՝ քրեական գործը քննվում է, այդ ընթացքում նախաքննություն իրականացնող մարմինը հարկ չի համարել լսել պարոն Հովսեփյանի տեսակետը և առանց նրա տեսակետը լսելու մեղադրանքի որոշում է կայացրել, նման պայմաններում ցուցմունք տալը ձևականություն է»,-նշում է փաստաբանը ու հավելում՝ հանդիպել է Աղվան Հովսեփյանի հետ, նա մարտական է տրամադրված։

ՔԿ նախկին նախագահը այժմ գտնվում է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

Հատուկ քննչական ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Աղվան Հովսեփյանը, 2004թ․ մարտի 18-ից մինչև 2013թ․ սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014թ․ հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՔԿ նախագահի պաշտոնները, փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, բացի այդ ստացել է 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաև հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):