Նոր Խաչակապում հրդեհի հետեւանքով 300 գառ է սատկել

224

Այսoր գիշերն արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Նոր Խաչակապ գյուղի անասնագոմերից մեկում: Հրդեհի հետևանքով 300 գառ ծխահարվել ու սատկել է։

Հրշեջ-փրկարարների ու գյուղացիների օգնությամբ վառվող անասնագոմից կարողացել են դուրս բերել միայն 20-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն: Անասնագոմը պատկանում է նույն գյուղի բնակիչ Գուրգեն Աբգարյանին. «Մտանք գոմը, որ ոչխարներին հանենք, արդեն ծուխն ամեն կողմից էր, ոչ էլ կարեցանք, ոչխարները գոմում մնացին: Առավոտը լույսը բացվել է, նոր գոմից հանել ենք»:

Իսկ հրդեհի առաջացման պատճառն ընտանիքի անդամների համար պարզ չի. «Հոսանքից հաստատ չէ, որովհետեւ հոսանքի լարերն ինչպես կային մնում են, թե չէ գոմի մեջից կվառվեին: Այրվել է խոտը, որը հոսանքից շատ հեռու է գտնվում»,- ասում է տան տիկինը՝ Նարինե Սահակյանը: