Արթուր Վանեցյանը հերքում, թե հաստատում է. Ալիեւի փակ ծրարը

1595

Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած «Արժանապատվության երթին», որ տեղի ունեցավ դեկտեմբերի 14-ին, չի մասնակցել Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Ինչն է եղել Հայրենիքի նախագահի բացակայության պատճառը, հայտնի չէ, հնարավոր են տարբեր օբյեկտիվ պատճառներ: Միաժամանակ, նրա բացակայությունը բավականին ուշադրության է արժանանում Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի գրառման ֆոնին, որ նա արել էր երթից կարճ ժամանակ առաջ:

Մինասյանը մասնավորապես անդրադարձել էր տարածքների «հանձնման» առնչությամբ Ալիեւի` Նիկոլ Փաշինյանին արած առաջարկի թեմային, որի մասին նա խոսել էր մի քանի օր առաջ: Մինասյանից առաջ նույնի մասին խոսել էր նաեւ Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնության համակարգող Աղվան Վարդանյանը: Խոսքը այն հայտարարությունների մասին է, թե Ալիեւը Նիկոլ Փաշինյանին առաջարկել է 5 միլիարդ դոլար, իսկ առաջարկը փոխանցվել է միջնորդավորված՝ Դուբայում:

Եվ ահա, դեկտեմբերի 14-ին Միքայել Մինասյանը գրառում արեց, որտեղ խոսեց անուններով: «Եվ այսպես, իմ հիշատակած առաջարկը արվել է Դուբայում՝ 2018 թվականի հոկտեմբերին։ Առաջարկն արել է Ադրբեջանի հատուկ ծառայության ղեկավարը։ Առաջարկը փոխանցվել է ԱԱԾ ժամանակվա տնօրեն Արթուր Վանեցյանին։ Նա առաջարկը ստացել է փակ ծրարով եւ այն փոխանցել Նիկոլ Փաշինյանին», հայտարարել է Միքայել Մինասյանը:

Նա շարունակել է, թե քանի որ Արթուր Վանեցյանը պատվախնդիր մարդ է, առաջարկում է նրան հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը: Անկասկած է, որ այդ գրառումից հետո մասնակցելով երթին, Արթուր Վանեցյանը դառնալու էր լրագրողների ուշադրության առարկան եւ անհնար էր լինելու խուսանավել այդ մասին հարցից: ԱԱԾ նախկին պետը դեռեւս չի արձագանքել Միքայել Մինասյանի գրառմանը:

Ընդ որում, այդ առումով իհարկե առաջանում է հարց, թե որտեղից է հայտնի փակ ծրարով առաջարկի բովանդակությունը: Արթուր Վանեցյանը բացե՞լ է ծրարը: Եթե ոչ նա, ապա Նիկոլ Փաշինյանից բացի էլ ո՞վ է ծանոթացել ծրարի բովանդակությանը, որ այն դարձել է հայտնի եւ որի մասին խոսել են առնվազն երկու մարդ՝ Միքայել Մինասյանն ու Աղվան Վարդանյանը: Ընդ որում, Վարդանյանը ասել էր նաեւ փոքր ինչ ավելին, իհարկե հարցադրման տեսքով՝ կառավարական ամառանոցի առանձնատանը Ալիեւի առաջարկի բովանդակության առնչությամբ ինչ որ նեղ շրջանակով քննարկման մասին:

Հայաստանում ներքաղաքական տեղեկատվական պատերազմ է, այն շոշափում է հարցեր, որոնք ուղղակիորեն քայքայում են հանրային ու պետական առանց այդ էլ քայքայված իմունային համակարգը: Այդ գործընթացը պետք է կանգնի, որի թերեւս միակ հնարավորությունը բարձրաձայնված հարցերի առնչությամբ սպառիչ պատասխաններն են: