Սահմանային կրակոցներից վիրավորվել է Երասխի գյուղապետը. իրավիճակը լարված է

813

Արարատի մարզի Երասխ համայնքի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում հնչած կրակոցների ընթացքում հրազենից վնասվածք է ստացել թեւի շրջանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Արարատի հիվանդանոց» բժշկական կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը։

Հարցին՝ արդյոք Օղիկյանը վիրավորվել է հակառակորդի կրակոցից, ԲԿ տնօրենն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել. «Խառը կրակոցներ են հնչել, ինքն էլ այդ ժամանակ եղել է բլինդաժում»։

ԲԿ տնօրենը նշել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաեւ ականանետեր: Իրադրությունը, ժամը 23:00-ի դրությամբ, շարունակում է լարված մնալ: