Ինչ գործառույթներ ունեն պարեկային ծառայողները․ նրանք կփոխարինեն նաև ՃՈ-ին

340

Հուլիսի 7-ից Երևանում ծառայության են դուրս եկել պարեկային ոստիկանության ծառայողները։ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի 2020 թվականի հուլիսի 20-ի հրամանով հաստատվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության կանոնադրությունը։

Իրավաբան.net-ը ներկայացնում է Պարեկային ծառայության գործառույթները՝ ըստ ստորաբաժանումների։

Երևան քաղաքի վարչատարածքային սահմաններում Երևան քաղաքի գնդի գործառույթներն են՝

  • հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը,
  • իրավախախտումների ու պատահարների մասին Ահազանգերին օպերատիվ արձագանքումը,
  • դեպքի վայրի պահպանությունը և ականատես վկաների հայտնաբերումը,
  • հանցագործությունների և այլ իրավախախտումների հետևանքով անձանց կյանքի և առողջության համար վտանգ հանդիսացող գործոնների չեզոքացումը և վերացումը,
  • տուժողներին անհապաղ օգնության հասնելը, տուժած անձանց անհետաձգելի առաջին բժշկական և հոգեբանական օգնության ցուցաբերումը,
  • բնակչությանն անհետաձգելի օգնություն ցուցաբերող ծառայություններին աջակցելը,
  • իրավախախտում կատարած անձանց արգելանքի վերցնելը, նրանց հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող մարմնի վարչական տարածք տեղափոխելը,
  • հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում անձի ձերբակալումը և անձնական խուզարկության կատարումը,
  • հետախուզվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը,
  • դեպքի վայրում քննչական և դատավարական գործողությունների կատարման ընթացքում վարույթն իրականացնող մարմիններին աջակցությունը, դրանց կատարմանը խոչընդոտող հանգամանքների վերացումը և, ըստ անհրաժեշտության, դատավարական գործողություններին մասնակցող անձանց անվտանգության ապահովումը,
  • զանգվածային միջոցառումները սպասարկող ոստիկանական և այլ ուժերին աջակցությունը,
  • հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը,
  • ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, անխափան երթևեկության, ճանապարհային երթևեկության մասնակիցների և տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովումը,
  • փողոցներում և ճանապարհներին կատարվող շինարարական, վերանորոգման և այլ աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտի երթևեկությունը սահմանափակելը կամ արգելելը, եթե ապահովված չեն ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջները,
  • առերևույթ ոչ սթափ վիճակում գտնվող կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունքը հավաստող փաստաթղթեր չունեցող անձանց տրանսպորտային միջոց վարելուց հեռացնելը՝ տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելով, դրա ուղևորների տեղափոխումը և բեռների պահպանումն ապահովելով,
  • ճանապարհային երթևեկության կարգավորումը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տրանսպորտային միջոցները կանգնեցնելը, ճանապարհային երթևեկությանը մասնակցելու իրավունք վերապահող ու փոխադրվող բեռների փաստաթղթերի ստուգումը և դրանց երթևեկության (շահագործման) արգելումը,
  • իրավասու մարմիններին ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում իրավախախտում ամրագրող տեխնիկական միջոցները տեղակայելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
  • ճանապարհային երթևեկության կազմակերպման, տեխնիկական միջոցների տեղադրման և շահագործման աշխատանքների համար նախատեսված պահանջների պահպանման նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացումը, հայտնաբերված խախտումների վերացման պահանջների ներկայացումը,
  • տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով տրանսպորտային միջոցներով կատարված խախտումների հայտնաբերումը և արձանագրումը,
  • քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում՝ վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև փոխադրվող բեռը զննելը,
  • հետախուզման մեջ գտնվող տրանսպորտային միջոցները հայտնաբերելը, ինչպես նաև մարդու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից տրանսպորտային միջոցներն արգելանքի վերցնելը,
  • հանցագործությունների և վարչական իրավախախտումների ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանների պարզումը, դրանք վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը,
  • իր իրավասության սահմաններում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացումը,
  • իր իրավասության սահմաններում վարչական իրավախախտումների դեպքերի արձանագրումը և հաշվառումը,
  • ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու ենթադրյալ  հանցագործության փաստով քրեադատավարական գործողությունների ձեռնարկումը և որոշումների կայացումը,
  • իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում Ոստիկանության ստորաբաժանումների և շահագրգիռ այլ մարմինների հետ համագործակցությունը,
  • օրենքով իրեն վերապահված այլ գործառույթների իրականացումը:

2․ Ծառայության պետի հանձնարարությամբ Երևան քաղաքի գնդի ծառայողներն ըստ անհրաժեշտության կարող են իրենց գործառույթներն իրականացնել նաև Երևան քաղաքի վարչատարածքային սահմաններից դուրս:

3․ Պարեկային ծառայության կազմակերպման բաժնի գործառույթներն են՝

  • պարեկային ծառայության պատշաճ կազմակերպման ընդհանուր հսկողությունը և մեթոդական ապահովումը,
  • պարեկային կարգախմբերի ծառայության իրականացման վայրերի (երթուղիների, տեղամասերի և այլն) մշակումը և Ծառայության պետի հաստատմանը ներկայացնելը,
  • պարեկային ծառայության վերակարգերի, հերթափոխի սահմանումը,
  • արտակարգ և այլ հատուկ իրավիճակներով պայմանավորված՝ պարեկային ծառայության իրականացման վայրերում ծառայության կազմակերպման փոփոխությունների կատարումը,
  • պլանների և այլ մարտավարատակտիկական փաստաթղթերի մշակումը,
  • ծառայության որակի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացումը,
  • օրենքով իրեն վերապահված այլ լիազորությունների իրականացումը:

4․ Մոնիթորինգի և վերլուծության բաժնի մոնիթորինգի բաժանմունքի գործառույթներն են՝

  • պարեկային ծառայության պատշաճ կատարման նկատմամբ հսկողությունը, գործունեության մշտադիտարկումը և գնահատումը,
  • պարեկային ծառայության կարգախմբերի կողմից ծառայության իրականացման մշտադիտարկումը հեռավար (Օպերատիվ կառավարման կենտրոնի և այլ տեղեկատվական ու տեխնիկական համակարգերի միջոցով) կարգով, ինչպես նաև արտագնա պլանավորված կամ հանկարծակի ստուգումների միջոցով,
  • մշտադիտարկման և գնահատման արդյունքներով ծառայողների բարեվարքության և Ծառայության գործունեության կատարելագործմանն ուղղված միջոցառումների մշակումը,
  • Ծառայության որակը բարձրացնելու ուղղությամբ առաջարկների ներկայացումը,
  • պարեկային ծառայողների, ծառայության վերաբերյալ ստացված դիմումների, բողոքների քննարկումը, դրանց հետագա ընթացքի ապահովումը,
  • պարեկային ծառայողների կողմից վարքագծի և էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը,
  • պարեկային ծառայողների կողմից թույլ տրված կարգապահական խախտումների ժամանակին հայտնաբերումը,
  • կարգապահական խախտումներ, էթիկայի և վարքագծի նորմերի խախտումներ, ծառայության իրականացման թերացումներ հայտնաբերելու դեպքում տեղեկատվության ներկայացումն իրավասու ստորաբաժանմանը (ծառայողական քննությունների իրականացման բաժանմունքին) համապատասխան ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու համար:

5․ Մոնիթորինգի և վերլուծության բաժնի վերլուծության բաժանմունքի գործառույթներն են՝

  • Ահազանգերի բնույթի ուսումնասիրությունը և վերլուծությունը, դրանց հիման վրա ծառայության որակի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացումը,
  • Ահազանգերի բնույթի ուսումնասիրությունը և վերլուծությունը, դրանց հիման վրա հանցավորության և այլ իրավախախտումներ ծնող պատճառների, ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանն ուղղված առաջարկների ներկայացումը,
  • հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վիճակի համալիր վերլուծության կատարումը, դրա հիման վրա օպերատիվ իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների մշակումը,
  • Ահազանգերի վիճակագրության և Ծառայության կողմից դրանց արձագանքի ուսումնասիրության հիման վրա ծառայողների վերապատրաստման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
  • օրենքով նախատեսված այլ գործառույթների իրականացումը:

6․ Մոնիթորինգի և վերլուծության բաժնի ծառայողական քննությունների իրականացման բաժանմունքի գործառույթներն են՝

1)  Ծառայության աշխատակիցների թույլ տված առերևույթ խախտումների վերաբերյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների, բողոքների, Ահազանգերի ուսումնասիրությունը, դրանց հիման վրա ծառայողական քննությունների իրականացումը,

2)  Ծառայության աշխատակիցների թույլ տված առերևույթ խախտումների, թերացումների վերաբերյալ մամուլի հրապարակումների մշտադիտարկումը, դրանց կապակցությամբ ծառայողական քննությունների իրականացումը,

Ծառայության աշխատակիցների վերաբերյալ այլ ստորաբաժանումներից և մարմիններից ստացված տեղեկությունների կապակցությամբ ծառայողական քննությունների իրականացումը,

Ծառայության պետի հրամանով ծառայության իրականացման վայրերում կարգապահական խախտումների հայտնաբերմանն ուղղված գործողությունների կատարումը և դրանց կապակցությամբ ծառայողական քննությունների իրականացումը:

Իրավաբանական բաժանմունքի գործառույթներն են՝

  • Պարեկային ծառայության գործողությունների, անգործության, վարչական ակտերի դեմ ներկայացված հայցերով դատական ներկայացուցչության ապահովումը,
  • Պարեկային ծառայության գործողությունների, անգործության, վարչական ակտերի դեմ բերված վարչական բողոքներով բողոքարկման վարույթի իրականացումը,
  • Պարեկային ծառայության գործունեության ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծերի նախապատրաստումը և դրանց ներքին շրջանառության ապահովումը,
  • Պարեկային ծառայության գործունեության ոլորտին վերաբերող իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրությունը և դիրքորոշման ներկայացումը,
  • Պարեկային ծառայության ստորաբաժանումներին իրավական խորհրդատվության տրամադրումը,
  • Պարեկային ծառայության ղեկավարության համար իրավական բնույթի տեղեկանքների նախապատրաստումը,
  • Պարեկային ծառայությունից պահանջվող տեղեկատվությունը տրամադրելու հիմնավորվածության վերաբերյալ կարծիքի ներկայացումը,
  • Պարեկային ծառայությանը հասցեագրված վճիռների և որոշումների ուսումնասիրությունը, հաշվառումը, վերլուծությունը, կատարման նկատմամբ հսկողության իրականացումը։

7․ Կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքն իր իրավասության սահմաններում ապահովում է կադրերի ընտրության և կադրային ռեսուրսի կառավարման, ինչպես նաև անձնակազմի հետ տարվող աշխատանքները։

8․ Տնտեսական բաժանմունքն ապահովում է ծառայությանն անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներով:

9․ Քարտուղարությունն ապահովում է Ծառայության գործավարությունն ու գաղտնիության ռեժիմը, ինչպես նաև կազմակերպում է դիմումների ընդունման և քաղաքացիների ընդունելության գործընթացը։